Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/442

Այս էջը հաստատված է

մեկը տասն է շինում, դեպքը ծաղկեցնում, իսկ այդ նրան ձեռնտու էր։ Որքան շատ դողային իրենից, որքան շատ երկյուղ ներշնչեր հարևաններին, այնքան ավելի ազդեցիկ ու անվանի կլիներ։

Հիսուն տարվա ընթացքում Հիբանի կինը միայն մի անգամ էր ըմբոստացել իր ամուսնու դեմ և նույնիսկ մի օրով էլ տանից հեռացել։ Այդ այսպես է պատահել։ Հիբանն աշխատանքից տուն գալուց (նա գնացել էր կամրջի մոտ ուղտապաններից բուրդ առնելու) լսել էր զուռնայի ձայն. կամացուկ մոտեցել էր ձայնի վրա և տեսել, որ նվագողը որդին է՝ Մկրտումը, տասը-տասներկու տարեկան տղան։ Հայրը զայրացել էր, ձեռքի գրվանքանոցը շպրտել որդու վրա։ Երկաթը կպել էր ճակատի անկյունին և ոսկորը ճեղքել։ Վրա էր վազել մայրը և արնակոլոլ որդուն ազատել գազազած հոր ձեռքից։ Այդ գիշեր Հիբանը ծեծել էր կնոջը։

— Էս լակոտն ինձանից չի... Ուրիշից ես բերել, շա՛ն աղջիկ, իմ ցեղում զուռնա ածող չի եղել։

Մայրը գրկում է վիրավոր երեխային և կես գիշերին գնում ծնողների մոտ։ Սակայն Հիբանի ահից ծնողները չեն համաձայնվում նրան աեղ տալու և մյուս առավոտ նորից վերադառնում է ամուսնու հարկի աակ։ Ճշմարիտ է, այդ դեպքից հետո Հիբանը քիչ մեղմանում է, նա հիվանդի համար նույնիսկ քաղաքից մրգեղեն է առնում, բայց հենց երեխան առողջանում է թե չէ, ձեռքերն իրար զարկելով կնոջը հայտարարում է, որ Մկրտամի ոսկորն իրենից է, և շարունակում է մի անգամ բռնած ճանապարհը:

Հիբանի կինն ավելի կանուխ է մահանում։ Վերջին տարիներում պառավը չորացել, մնացել էր կաշին ու ոսկորը։ Կնոջ մահն ազդել էր նրա վրա։ Ճիշտ է, նա առաջվա պես ագահ էր և խիստ, բայց ավելի էր մռայլ, հաճախ՝ դաժան։ Դարձյալ գիշերները զարթեցնում էր, գործի ուղարկում։ Այս անգամ մի տեղ գնալուց, նա Մկրտումին իր հետ էր ման ածում և ճանապարհին խրատում, թե ինչպես պետք է իրեն պահի այսինչի մոտ, ո՞վ է Զրիկում ամենահարուստը, ինչի՞ց է նա երկյուղ կրում, ո՞վ է իրեն պարտ։

Այդ խոսակցությունը հաճելի էր Մկրտումին։ Նրա մեջ զարթնում էր փոքրիկ գազանը, որի ճանկերը դեռ ոսկրացած չէին և որը սակայն ավելի ագահությամբ էր հարձակվում հոր կողմից հոշոտված որսի վրտ: Դրանից էր, որ նա ավելի համարձակ էր կարդում մուրհակը, արագ գումարում, երբեմն փողը ստուգում։ Հիբանն աչքի տակով նայում էր և