Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/443

Այս էջը հաստատված է


ինքնագոհ ժպիտը մեղմացնում էր դեմքի խոժոռ արտահայտությունը:

Մի առավոտ էլ, երբ հոր հանձնարարությամբ հսկում էր, թե ինչպես են խուզում տան առաջ նստած ոչխարներին, Եփրեմն եկավ և կանչեց եղբորը։ Երկուսով ներս մտան։ Հայրը պառկել էր կարպետին... Սանամ հորքուրը բարձ էր դնում նրա գլխի տակ. ծերունին արխալուղի կոճակներն արձակել էր ու խոր շնչում էր։ Դռան ձայնից գլուխը մի քիչ բարձրացրեց, տեսավ որդիներին։ Եփրեմի ճակատը համբուրելուց հետո ձեռքով նշան արեց, որ դուրս գնան... Սանամ հորքուրն էլ հետևեց նրան։ Մկրտումը հասկացավ հոր հայացքը և թաթերի ծայրով մոտեցավ դռանն ու կապը գցեց։ Ծերունին ձեռքով կարպետին խփեց, հասկացրեց, որ Մկրտումը նստի։ Ու գլուխը նրա կողմը դարձնելով շշնջաց.

— Ուզում էի ոչխարի մոտ գամ... Հը՞, բուրդը հո երեսից չեն խուզում, Գոդին էնտե՞ղ է...— Մկրտումը գլխով արեց։ Հոր գունատ դեմքը նրան սարսափեցրեց։ Մի՞թե մեռնում է... Ուրեմն մենակ պիտի մնա... Ու նա հիշեց պարսպի և տան կտուրի մասին եղած խոսակցությունը։

Մի անգամ հոր հետ գնացել էր քաղաք։ Վերադարձին նա ցանկություն էր հայտնել տան շուրջը պարիսպ քաշելու, իսկ կտուրն էլ թիթեղով ծածկելու, ինչպես քաղաքումն են անում։ Հիբանը բարկացել էր նրա վրա։

— Շհարո՜ւմ... Շհարու՜մ հազար լրբություններ են անում։ Իմ կարողությունը ես էն սևացած տանն եմ հավաքել։ Թող մի քիչ էլ կտուրը կաթի, հոգիդ դուրս չի գա, որ ձյունը մաքրես։

Բայց քիչ հետո համաձայնվել էր պարսպի կառուցման մտքի հետ։

— Հազար մարդ է անցկենում, հազար աչք է նայում... Էդպես ավելի ապահով կլինի։

Եվ խոսք էր տվել եկող գարնանը քար ու կիրը հավաքելու։ Թեկուզ քար ու կիրը պատրաստ էր, բայց հայրը դարձյալ հետաձգում էր։ Մկրտումի առաջին միտքն եղավ պարսպի կառուցումը։ Հիբանն ասես որդու միտքը հասկացավ։

— Չէ, դեռ ժամանակը չի... Էդքան շուտ չի լինի։ Ես ժամանակը գիտեմ...—Մկրտումին թվաց, թե հայրը հասկացավ իր միտքը՝ նրա մահվան մասին։ Ու նրա մտքովն անցավ, որ հոր մահը մոտ չի, և նա գխոե, թե երբ է գալու ժամանակը։

— Սանամ հորքուրիդ կպահես, թող տերություն անի, մինչև... Հը, բան-ման կա՞, թե չէ...

Այդ մասին, հայրը մի անգամ էլ էր հարցրել իրեն, երբ միասին