Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/444

Այս էջը հաստատված է

գնացել էին անտառը գերանները ջոկելու։ Խոսքը Մկրտումի կնոջն էր վերաբերում։ Երկրորդ տարին էր, ինչ ամուսնացել էր, բայց երեխա դեռ չունեին։ Հիբանն իր քրոջն էր մի քանի անգամ հարցրել այդ մասին և թեկուզ Սանամը եղբորը հանգստացրել էր, թե դեռ հարսը երեխա է, բայց և այնպես նրա հետ խոսելուց հետո, հարսին այնպիսի հարցեր էր տվել և այնպիսի խորհուրդներ, որ մանկամարդ կինը ամաչելուց կարմրել և արցունքն աչքին հեռացել էր, տան անկյունում դառը հեծկլտալու։

Հոր հարցին Մկրտումը չպատասխանեց։ Կարմրեց ու սկսեց կարպետի ծայրը մատներով տրորել։

— Կլինի, կլինի... Իմ ցեղն անժառանգ չի... Սանամ հորքուրիդ կպահես։ Մի քիչ խելքը պակաս է, համա աշխատավոր է... Եփրեմին բռանդ մեջ կպահես, խելքը խակ է, բայց ո՞վ գիտե ինչ դառնա... Դե գնա՛, գնա՛, բուրդը ցրիվ չտան։ Մեծաբուրդը թող ջոկ դարսեն. անլվա էլ գինը թանկ է... Տե՜ս, Նորընծան տա՞նն է, ասա թող գա... Էդ հոգսից էլ պրծնենք,— և ասես ինքն էլ սարսափելով իր մտքից, որ մահը մոտ է, դեմքի մկանները կծկելով, ասաց,— չէ՛, ժամանակը ե՛ս գիտեմ... Թող գա... Թող գա,— և պինդ, շատ պինդ սեղմեց որդու ձեռքը։ Մկրտումը մեջքը ձգեց ու թեքվեց հոր կողմը։ Հայրն անզոր ժպտաց։

— Տեսնո՞ւմ ես ինչ ուժ ունեմ... Դե գնա՛, գնա՛...

Մկրտումը դուրս գնաց։ Շեմքի մոտ Սանամ հորքուրը գոգնոցի ծայրով սրբում էր արցունքը։ Մկրտումը տեսավ այդ և այն թափը, որով նա դուրս եկավ բուրդը խուզողներին կարգադրելու հոր ասածը, այդ թափը կոտրվեց, ոտքերը թուլացան։ Ու շվարած հայտնեց միայն, որ հայրն ուղարկում է քահանային կանչելու։

Լուրն ամբողջ գյուղում արագ տարածվեց։ Ճաշի մոտ քահանան նրան հաղորդություն էր տվել և երբ դուրս էր եկել, գյուղացիներին հայտնել էր, որ խոջա Հայրապետը դեռ շատ է ապրելու, գույնը տեղն է, հիշողությունն առաջվա պես։ Մի քանի ծերունիներ քչփչացել էին, որ հոգին ծանր է տալու, շատ պիտի տանջվի։

Բայց և այնպես գալիս էին նստոտում կարպետի վրա, զրուցում: Զրույցն ընդհատվում էր, երբ ներսից լսվում էր հիվանդի ձայնը... Ոմանք աշխատում էին Մկրտումի աչքին երևալ։ Մի քանի կանայք, մանավանդ հարսի ազգականներից, ներս ու դուրս էին անում, ավլում, սրբում, կարպետի վրա նեղլիկ ներքնակ գցում, եթե եկողը գյուղի ազդեցիկ մարդկանցից էր։ Ոմանք առաջին անգամ էին տեսնում նրանց տունը և օտարոտի հայացքով դիտում էին պատերը, օճորքը, պատից կախած գորգերը, գետնի լայն կարպետը։ Անկյունում նստած երկու մարդ քսփսում