Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/445

Այս էջը հաստատված է

էին, հազիվ լսելի ձայնով մեկը պատմում էր մյուսին, որ դիմացի պատից կախված ծաղկավոր կարպետը Զեյթա գյուղացի Աբասինն է և Հիբանը վերցրել է այդ տասը ռուբլու պարտքի դիմաց։

Երեկոյան հիվանդի դրությունն ավելի ծանրացավ։ Շնչառությունն ընդհատ էր, մերթ կորչում էր շունչը, հիվանդն աչքերը խփում էր, դեմքին և ոչ մի մազ, ոչ մի մկան չէր շարժվում,− մերթ խորանում էր, կրծքի վանդակն ուռչում... Հիվանդը դեն էր գցում վերմակը, փորձում տեղում նստել, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լեզուն կապ էր ընկնում։ Կողքին կանգնողներից ամեն մեկը իր կերպ էր հասկանում հիվանդի միտքը, մեկը բարձն էր ուղղում, մյուսը պատուհանն էր բաց անում, իսկ երրորդը պատվիրում էր ջուր տաքացնել: Մկրտումը մեկ հորն էր մոտենում, մեկ դուրս գալիս, Եփրեմին, Գոգուն և ծառաներից հենց առաջին հանդիպողին կարգադրություններ անում, որից և ոչ մեկը հիվանդի առողջությանը չէր վերաբերում։ Սակայն բոլորն էլ գիտեին, որ ինչ էլ պատահի, կովերը պիտի կթեին, ոչխարին փարախն անեին, ձին թիմարեին, շան տեղը փոխեին։

Վերջին հյուրը՝ Տեր Նորընծան, բարի գիշեր ասաց, մի քանի խոսք էլ ավելացրեց այն մասին, թե հիվանդն ամուր է, հարվածը կանցնի և դեռ շատ տարիներ կապրի։ Մնացին մոտ ազգականները։ Կես գիշերին իրոք որ Հիբանն իրեն լավ զգաց։ Հայրը Եփրեմին հարցրեց, թե ձիուն ինչ խոտից են տվել։ Մկրտումը մեկ-մեկ թվում էր, թե ովքեր էին եկել։

− Ասում ես Առուստա՞մն էլ էր− և հոնքերը կիտեց: Առուստամը Ավան ամու հայրն էր։ Հիբանի և նրա մեջ խուլ թշնամության կար, չնայած դրան, Առուստամը մի քանի ծերունիների հորդորանքը լսելով, եկել էր իր թշնամու վերջին տեսությանը, բայց գալուց հայտնել էր, որ հիվանդի հետ չի խոսելու։

− Ո՞վ գիտե, ինչ էր մտածում... Մարդ է, հողեղեն է, չէ՞, Սանամ,− հարցրեց Հիբանը։− Երևի ուզում էր հաշտվի, հը՞... Թե եկել էր, որ հետս ծիծաղի։ Հը՞, Սանամ, խոսի է՜... Ինչ ես պապանձվել։

− Հայրապե՜տ, չար ես մտածում... Էն խեղճը ամենից շատ էր թառանչ քաշում։

− Հա՛, լա՛վ, լա՛վ, ուրեմն մարդ է, խիղճ ունի... Վերջին, դատաստանը միտն է բերել։− Ու մի քիչ հետո հարցրեց.

− Տեր Նորընծան գնա՞ց...

− Հա, կանչե՞մ,− ասաց Մկրտումը։

− Չէ, էնպես... Ուզում էի մի բան հարցնեմ։– Մի պահ էլ աչքերը