Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/446

Այս էջը հաստատված է

ման ածեց, կարծես մեկին փնտրում էր, հետո կողքին դարձավ։ Սանամը մոտեցավ, թիկունքը ծածկեց ու Հիբանը խոր քնեց։

Մյուսներն էլ ցրվեցին, ամեն մեկը մի սենյակում քնելու։ Միայն Սանամն ու հարսի մայրը կուչ եկան հարևան սենյակի անկյունում, ննջում էին և թերի թողած զրույցը շարունակում։ Սանամը պատմում էր, որ եղբայրը առավոտ կանուխ կանչել էր իրեն և գանգատվել, թե գիշերը լավ չի քնել։

− Էն հարսն, ասում է, երազիս եկավ... Ծարավ էի։ Մեր էն մեծ գավաթով ջուր տվեց... Խռով գնաց, գավաթն էլ չառավ ձեռիցս... Ասում է, քանի՜ տարի է, երազումս նրան իսկի չէի տեսել։

Հարսի մայրը աչքերը լայն չռած իր կասկածն էր հայտնում այն մասին, թե երազը վատ է, նշանը՝ չար։

− Էլի գավաթն առներ... փորձանքն առած կլիներ։

Լուսաբացին, երբ Սանամ հորքուրը հանկարծ զարթնում է և քունը գլխին վազում է հիվանդի սենյակը, նա սարսափած ետ է կենում։ Գորգի վրա սպիտակահալավ նստած է լինում Հիբանը, արխալուղն ուսերին... Քրոջը տեսնելուց գլուխը վեր է հանում և հազիվ լսելի ասում.

− Մկրտումի՜ն...

Սանամի ձայնից զարթնում է և հարսի մայրը, հետո Մկրտումը։ Բայց հենց այն վայրկյանին, երբ Մկրտումը ներս է մտնում, հիվանդը ձեռքով ետ է տանում գորգի ծայրը և ընկնում։ Ու միայն Մկրտումն է տեսնում գորգի տակ ծածկված ինչ-որ բարակ կապոցներ։

Երկու օր դիակը մնաց նույն սենյակում։ Մարդ էին ուղարկել առաջնորդից թույլտվություն առնելու, Հիբանի մարմինը եկեղեցու բակում թաղելու համար։ Մինչ այդ բակում կանայք ու տղամարդիկ եփում էին, թխում, լվանում, մորթում և պատրաստություն տեսնում Խոջա-Հիբանին այնպիսի շուքով թաղելու, որի նմանը, ինչպես հայտնել էր Մկրտումը քահանային, Կարմրաքարն իր օրում չէր տեսել։

...Այդ օրից շատ տարիներ էին անցել։ Խոջա-Հիբանի գերեզմանաքարը մի քիչ թաղվել էր, ոտքերի կողմն ավելի, քան գլխավերևը։ Ջաղացպանի ասելով, այդ նրանիցն էր, որ մարդու ոտքի ոսկորներն ավելի շուտ են փտում, քան գլխի ոսկորը։ Գերեզմանաքարի գրերը տեղ-տեղ հողով ծածկվել էին։ Ամառվա շոգին գյուղում մնացած մի կաղ ոչխար, կամ հիվանդ հորթ, տապից նեղվելով մտնում էր եկեղեցու գավիթը և ոտքերը հազիվ փոխելով գնում, հյուսիսային գավիթի հովում, Հիբանի տափարակ գերեզմանի վրա նստում և ննջում, մինչև իրիկվա հովն ընկներ և տերը գար նրան գավիթից տուն քշեր։