Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/45

Այս էջը հաստատված է


Այդ դեպքը Վանդունց Բադու վրա վատ ազդեց։ Նա զայրացավ նրանց դեմ, որոնք օրը ցերեկով ժողովրդի մեջ համարձակվել են իր որդուն ձեռք տալ։ Իսանանց տղան այդ օրից նրա աչքի փուշը դառավ։

Մյուս օրը, երբ տավարը հանդ էր տանում, նա ուզեց իր որդու երեկվա ախոյանների կովերը ջոկի տավարից, բայց խիղճը չտվավ. անլեզու անասունն ի՞նչ մեղք ունի։

Տավարը քշելիս Բադին լուռ միտք էր անում, թե ինչո՞ւ Հաբուդը գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էր, որ բերել էր նա իր հետ հեռու դիրքերից, ինչո՞ւ նա դժգոհ էր գյուղի կարգերից և հակառակ վարժապետ Մինասին։

Հաջորդ օրը Հաբուդը տուն եկավ, մի կտոր հաց կերավ ու սկսեց գրել։

− Հաբուդ, հերիք ա գրես, աչքդ գիրը կտանի,− ասում էր մայրը կեսգիշերին, իսկ Հաբուդը շարունակում էր գրել, ջնջել։ Լույսը բացվելու մոտ էր, երբ նա թղթերը ծալեց, դրեց ծոցում և մահակն առավ, ուզում էր դուրս գալ։

− Ո՞ւր, բալաս...

− Հրես կգամ, գնում եմ քաղաք, գործ ունեմ, իրիկունը կգամ։

Բադին խնդրեց, թե մութ է, չար վախտ է, հազար թշնամի կա, սպասի, լուսով գնա։ Հաբուդը մտիկ չարեց։

− Բան չկա, խամ հո չեմ ես ճամփեքին,− ասաց ու դուռը ծածկեց։

Մյուս օրը երեկոյան դեմ գյուղում լուր տարածվեց, թե քաղաքում խառնակություն է եղել, բոլշևիկները զորքի հետ միասին վրա են տվել, կոմիտեի շենքը ջարդել, ժողովուրդն սկսել է խանութները թալանել։ Հետո բոլշևիկներին շրջապատել են, խմբի տղերքը վրա են տվել բոլշևիկի կոմիտեի վրա և բոլորին բանտարկել։

Վանդունց Բադին և Հաթամի աղջիկն անհամբեր սպասում էին Հաբուդի վերադարձին։ Մի քար լռություն կար խրճիթի ներսում, նրանց սրտերում և ոչ ոք չէր զորում հարցնել մյուսին, թե գուցե մի փորձանք է պատահել։

Հաբուդը չեկավ։ Առավոտ կանուխ իմացան, որ նրան էլ են բանտարկել։

− Բա՜, տեսաք էն շան թուլին, մեր սաղ մահալում վարժապեա Մինասի նման խելոք մարդ չկա, իսկ Վանդունց Հաբուդը՝ տավարածի տղան, նրան հավան չի,− այսպես էր ասում Իսանանց սպան, չարախինդ և ինքնագոհ, առավոտյան, երբ գյուղացիք հավաքվել էին խանութի առաջ։

− Դե հիմա տեսեք թանկություն ով ա գցում, ես, թե՞ նա։ Մեզ