Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/450

Այս էջը հաստատված է

հայ և թուրք գյուղերից շատ տնտեսություններ, ըստ նրանց զորության կարգի։ Մատյանի առաջին մասում ունևոր տնտեսություններն էին և շատ «պաչոտնի» (ինչպես ասում էր Եփրեմը) մարդիկ, որոնց ամենօրյա առուտուրը նրանց խանութիցն էր։ Վերջում մի քանի էջ հատկացված էր նրանց, որոնք Եփրեմի ժարգոնով կոչվում էին «Ղարիբանոցի խումբ»։ Մատյանը միօրինակ ձևով չէր գրված, կային երեսներ, ուր Մկրտումի բարակ ձեռագրով նշանակված էր. «ձեռաց առավ 11 մնթ. հօգոստոսի 9-ին»։ Բայց ավելի հաճախ, մանավանդ եթե ապառիկն ապրանքով էր եղել, մատյանն ավելի մանրամասն էր ասում։ Օրինակ՝ «Շալուն Սիմոնին մի գրվ. շաքար կնունքի համար, ևս հիլ զանջաֆիլ 10 կոպ.»... «Թարիվերդի Սուլեյմանին հարսանիքի համար 10 արշ. զոլավոր, Պրոխորովի լաստիկ 8 արշ., գյուլի այլուխ—3 հատ, մի գլուխ շաքար Բրոդսկու, լավը, խոշկայաբար— 4 գրվ. նաբաթ 1 գր., ևս լամպի շուշա տասանոց—1 հատ, բոլորի գումարը,—22 մանեթ 34 կոպեկ.»։

Առանձին էր քոչվորներին բաց թողած ապառիկի ցուցակը։ Ամեն գարնան ամպ ու փոշու մեջ կորած հազարավոր բազմություն հեռավոր տափաստաններից ոչխարը, ուղտը, եզն ու ձիու երամակներն առաջ արած բարձրանում էին այն լեռնաշղթան, որի մասին վաղեմի ճանապարհորդ վարդապետն իր հիշողությոմւների մեջ գրել էր, թե մատանու նման օղակում է Կարմրաքարը և ադամանդի պես սպիտակ լիճը բարձր պահում։ Քոչն իրար էր խառնվում, հետև մնացողները նեղվում էին տափարակի տոթից, անասունները փնչոցով շտապում էին, օր ու գիշեր ճանապարհ կտրում սարի թարմ կանաչի համար։ Հետինները քշում էին առաջիններին, ճամփի նեղ կապերում տավարն իրար էր խառնվում, բարձրանում էր չտեսնված աղմուկ-աղաղակ։ Եվ հենց հասնում էին լեռնաշղթայի փեշերին, ամեն «օյմաղ» ցրվում էր իր պապերի ոտքերով ծեծած կածանով և նորից վրան զարկում սարում թողած նախահայրերի գերեզմանների մոտ։

Այդ քոչը Կարմրաքարի միջով չէր անցնում, բայց նրա ծայրը երևար թե չէ, աշխուժանում էին շատերը։ Եվ չարչիների մի ամբողջ խումբ ասեղներով, հայելիներով, գունավոր կոնֆետներով, թաշկինակներով ու այլ մանրուքով լի տոպրակները շալակած նրանց առաջն էին ելնում, խռնվում բազմության մեջ, ծախում, փոխանակում, ծանոթներին հանդիպում և մի շաբաթ հետո գյուղ վերադառնում՝ պարկերը նորից լցնելու եղբայր Մանգասարովների խանութում։

Եվ թեկուզ բազմությունը Կարմրաքարի վրայով չէր անցնում, բայց