Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/452

Այս էջը հաստատված է

կապոցը հանձնելու «Աթաքիչի կզուն» կամ «Սոնա-Խալային» ու հայտնելու «սալամ դովա» մեծ ու փոքրին։

Քոչի բարձրանալու հետ միասին ծայր էր առնում և դժգոհությունը։ Ճիշտ է, քոչից ոմանք օգտվում էին, դարբինը նրանց համար հարյուրներով էր պայտեր կտրատում, կոտրած մանգաղները նորոգում։ Ոմանք գաղտնի կերպով անտառում նրանց համար ցախ էին կտրատում, մի քանի չարչի մանրուք էին վաճառում, նույնիսկ Շալուն Սիմոնին էին կանչում մոտակա «օյմաղներից», որովհետև նա անասունների բժշկությունից բան էր հասկանում, ու թեկուզ նրա գործիքը մի կոտրած դանակ էր, որով կտրում էր ականջի ծայրը կամ քթածակը ճեղքում, «հիվանդ» արյունը դուրս թափելու համար,— Կարմրաքարում շատերն էին օգտվում քոչվորներից, բայց հենց նրանք սարը բարձրանային թե չէ, սկսվում էր և դժգոհությունը։ Գյուղից սար գնացող քոչվորը մի քիչ հեռանար թե չէ, ձիու սանձը թույլ էր թողնում և ձին մռութը մեկնում էր ճանապարհի կողքին, անտառի բացատում ցանած կանաչին։ Արտի տերը կանաչից մի փունջ ձեռքին շտապում էր գյուղի հրապարակը, գոռում, բարկանում, անթիվ անգամ կրկնում, որ գիշերը քսան-երեսուն ձի են բաց թողել գարու մեջ, կերել են, տրորել, ձիերը թավալ են տվել, և եթե փողոցում տեսնում էր տանուտերին կամ նույնիսկ գզիրին, նրա ոտների առաջ էր գցում խուրձը, գովում էր գարին և նորից պատմում այն մասին, թե որքա՜ն են կերել։ Գյուղի իշխանավորը նրա բողոքը լուռ լսում էր, խոստանում, որ կարգադրություն կանի ակտ կազմելու, կհայտնի պրիստավին, միայն հարկավոր է երեք-չորս մարդ տանել, որ նրանք էլ վնասը տեսնեն և վկա լինեն նրա խնդիրքին։ Բայց այստեղ ամեն ինչ վերջանում էր, գանգատավորը բարձրաձայն հայտնում էր, որ ամրողջ գյուղն է վկա և որպես վերջին ապացույց գրպանից հանում էր փնջավոր կոնֆետի թղթեր, որ հավաքել էր արտից։

− Մի դաստա հրեն էնտեղ ա թափած... Սրա ուտողին ես ուժ ունե՞մ դատաստան անելու։ Իմ իշխանն էլ դու ես, այ քյոխվա, բա իմ երեխեքը ձմեռն ո՞ւմ հույսին ես թողնում։

− Կանփետ տվողին ասա, ուտողն ի՞նչ մեղք անի... Դու էլ որ ուտեիր, հավատա, մի օրավար կորեկ կոխ կտայիր,− վրա էր բերում գանգատին ունկնդիրներից մեկը։

Պատահում էր, որ վնասը մի քանի տնտեսությունների էր հասնում և կամ ամբողջ համայնքին։ Սարից մի քանի սուրու ոչխար գիշերով քշում էին և արածացնում Քառասնաջրի մոտերին ընկած այն բացատները, որ ամեն տարի Կարմրաքարում թողնում էին անասունների աշնան կերի