Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/453

Այս էջը հաստատված է


համար։ Աղմուկ էր ընկնում գյուղում, դուրս էին թափվում, գոռում-գոչումով գնում ոչխարատեր «օյմաղից» վնասը պահանջելու։ Երբեմն աղմուկն արյունով էր վերջանում, երիտասարդները տաքանում էին և մահակները սուսերների նման կայծեր էին հանում, զարկում իրար գլուխ ջարդում։ Շատ սակավ դեպքում էր օրենքը միջամտում ու դատաստան անում։ Սովորաբար տաք կռվից հետո կրքերը հանդարտվում էին, այս ու այն կողմից մարդիկ էին մեջ ընկնում և հաշտեցնում։

— Հազար անգամ եմ ասել, թե թուրքերից օգտավետ ազգ աշխարքի երեսին չկա։ Նրանց ձին էլ որ թրքում է, էլի մեր ցորենն է ուժովանում։ Նրանք որ կան յոնջա են, մենք էլ քյոհլան ձի... Մի ղրաղից կե՜ր, մի ղրաղն էլ պահի։ Երեխի նման ժողովուրդ են, խոսքին ջան ասա, էլի՜ քու ասածն արա։ Էդ էլ չի փողով։ Այ է՜... Մեր հայությունը շատ անհասկ է,— թոնթորում էր Մկրտումը։

— Քու արտը քանի անգամ կերած կլինեն,— հարցնում էր Ավան ամին:— Ինչ որ գալիս է, քյասիբի գլխին է։ Յարա ունեցողը կիմանա մրմուռը։ Քեզ ի՞նչ կա...

− Իմ ու քոնը չկա էստեղ։ Ես մարդավարության, նստիլ վեր կենալու մասին եմ ասում։ Տեսնո՞ւմ ես ոնց են իրար պատիվ պահում, մեծը ջոկ է, փոքրը ջոկ։ Մերոնք հենց շաշ եզան նման քարն են պոզահարում։ Թուրքը էնպես մի ազգություն է, որ կախ տաս, մին ծուռ խոսք չի ասի անժամանակ։

Երբեմն Մկրտումի երեսին ավելի խիստ խոսքեր էին ասում, հանդիմանում էին, որ նրանց խանութի պատճառով են քոչվորները գյուղ գալիս, որ նա քոչվորների շահին չի ուզում դիպչի։ Եվ նրա ականջովն էր հասնում գյուղում տարածված այն լուրերը, թե ինքը կաշառված է, նույնիսկ թե իբր նրա գիտությամբ են գիշերով Կարմրաքարի խոտհարքն արածացնում։

...Բուխարիկում բոցն արդեն հանգել էր։ Փայտի շիկացած կտորները մեղմ ճաքճքում էին, փշրվում և մոխրի բարակ շերտով պատում։ Մկրտումը վերջացրել էր ապառիկների հաշիվը. գորգի վրա դրած համրիչի հինգ շարը սառել էին և ցույց էին տալիս եղբ. Մանգասարովների առևտրական հզորությունը թե Կարմրաքարում, թե հարևան գյուղերում և թե վրանաբնակ այն բազմության համար, որ յուրաքանչյուր գարուն «քոչ ու բարխանով» բարձրանում էր լեռնաշղթայի փեշերը և վրան զարկում լճակի եզրին։

Մկրտումը ձեռքերը մեկնում էր կրակին, իրար շփում։ Երբեմն էլ