Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/457

Այս էջը հաստատված է

կլինես հա՞... Նա ո՞ւմ շունն է, որ իմ ուզածն առնի։ Թքած նրա բեյության վրա... Սոված, սովածի մինը:

− Դե մի թող է՜... Ի՞նչ ե՜ս կարկուտ թափում,− ընդհատեց Եփրեմը:

− Հը՞։

− Թուղթ եմ առել, որ մինչև մի շաբաթը իրավունք չունի ուրիշին ծախի, մինչև ինձանից պատասխան չստանա...

− Հա՞...− ու մի վայրկյան հետո հանդարտ ձայնով ասաց.

− Լավ է, էդքան էլ խելքդ կտրել է...

− Իմ խելքս էդքանը հասկանում է... Ասա վերջը էդ մաշինները մեր տունը չքանդի,− պատասխանեց Եփրեմը։

− Ինչ էլի...− այս անգամ ձայնը բարձրացնելով վրա բերեց Եփրեմը։ Մեծ եղբայրը կանգնել էր անկյունում, գլուխը կռացրել և ունքերի տակից աչքը գցել Եփրեմին. − ամենահայտնի մանուֆակտուրիստ մարդուց մինչև էն պյան գարադավոյը մեզ վրա ծիծաղում են...Ասում են Կարմրաքարն ինչ մաշինի տեղ է... Փող ունեք, բերեք քաղաք, թե ուժներդ չի պատում խոզ առեք, ձեր ծմակի կաղինն ուտի։ Չորտ նա խաբար... Մարդ աչքերը բաց չորս հազար երկու հարյուր մանեթ տա, ինչ է զավոդ եմ բաց անում էս վայրենի աշխարհում... Ի՞նչ մարիֆաթ, ինչ մարդավարություն ես տեսել էստեղ։

− Էլի՜ բռնեց... Քորի, լեզուդ քորի մի քիչ։

− Վերջը իմ ասածին կգաս։ Գյուղն ի՞նչ է, որ մարդ էնտեղ բնակվի: Փող ունես, տար քեզ բարերար մարդոց հետ գործ արա։ Երեկվա սողան ծախողն էսօր վտարոյ գիլդի կուպեց է դառել, իսկ մենք էս վայրենի ծմակից դուրս չենք գալիս։ Չե՞ս տեսնում... Շատը սոված է, մի թիքյա պանիր էլ չի ճարում, որ ցամաք հացը կուլ տա... Օզգյա լազա՞թ կա քաղաքում... Շիկ,− լուսավորություն, նստել, վերկենալ, հանգիստ։ Փողդ ապրանքի տուր, մի բոյկի ուգլավոյում մագազինիդ դռները բաց արա, թող պրիկաշչիկների հոգին դուրս գա... Դու հենց աչքիդ տակով նայիր: Թե չէ էս ի՞նչ կյանք է... Ես ինձ նման ընկերների հետ մի անգամ նստել վերկենալը չեմ փոխի քո ճանաչած մարդոց հետ... Էստեղ մնացողը մարդու կերպարանքից էլ կընկնի։ Մի օր էլ տեսար՝ ըհը, աղբյուրը ցամաքե՜ց։

− Էդ օրը մեզ համար չի,− կտրուկ պատասխանեց Մկրտումը:

Տիրեց լռություն։ Եփրեմը վանդակի մեջ ընկածի նման քայլում էր սենյակում, երբեմն կանգնում գետնին նայում և ապա ձեռքերը մեջքին նորից շարունակում քայլել։ Մկրտումն աչքի տակով նայում էր եղբոր բարկացկոտ շարժումներին։