Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/459

Այս էջը հաստատված է


գնամ քաղաք հազար լոթու ընկեր դառնամ... Ապերը լավ էր ասում, թե նրանք մեզանով են ապրում։ Մանթաշովը մի ջուխտ տրեխ էլ չուներ, որ գնաց Բաքու... Հրես ոսկին դռանդ թափած, սարքի, ստեղծի, թող քո անունն էլ բարձրանա, մի քսան երեսուն աղքատներ էլ էն փշրանքովդ ապրեն, հորդ ողորմի տան...

− Է՜հ, չեմ իմանում,− ասաց Եփրեմը. նա արդեն տատանվում էր և զգում, որ եղբոր ձեռքից չի ազատվելու մինչև թղթերը չտա և տարած փողի հաշիվը չներկայացնի։

− Չես իմանում, իմացի՛ր... Էս ո՞ւմ համար ենք աշխատում. ես ի՞նչ ունեմ մեջը։ Մի դատարկ անուն։ Թող քո ժառանգները մեծանան, տիրություն անեն։

Այս ասելուց Եփրեմը զինաթափ եղավ։ Նա շատ էր սիրում իր երեխաներին: Այդ գիտեր և Մկրտումը, և երրժբ ուզում էր նրան կակղեցնել և իր ասածին բերել, նա տրտմությամբ հիշեցնում էր այն տարբերությունը, որ կար երկու եղբոր մեջ և հուսադրում, որ իր մահից հետո ամեն ինչ մնալու է նրան։ Եփրեմը ծոցի գրպանից հանեց թուղթը, ցույց տվավ, թե ում ստորագրությունները կան, ինչ ասաց Բեկտաբեգովը, երբ կնքեց։

− Էդ փեչատը, ասում է, որ դնում եմ, ինքը պրակուրորն էլ չի կարող քանդի: Նա զդարովյե, ասում է, ձեզ հալալ լինի... Չորտ եվո, էդպես ազնիվ մարդուն գուբերնատի չինը քիչ է:

− Վեկսիլը տվի՞ր,− հարցրեց Մկրտումը։

− Տալը քիչ էր... Կտոր-կտոր արի, ճակատամիջին շպրտեցի։ Նա ում շունն է, որ մեզ վրա հաչի... Երեկվա ձեթ ծախողը: Ասում է սուդի կտամ, որ ինձ խայտառակ ես անում։

− Հետո՞։

− Իսկյանդարովների պրիկաշչիկն եկավ, էնպես նրան անպատվեց, ո՜ր։ Ասում է ամբողջ գուբեռնիում Մանգասարովների նման ակուրատնի սովեստով գործ անող չկա. դու ո՞նց էիր ուզում նրանց վեկսիլը պրոտեստ անես։ Լավ խայտառակեց։ Ես էլ շաքարը նրանց սկլադից առա։ Խազեինն ասում է, մինչի հարյուր հազարը դավերյա կանեմ, ինչ ուզում ես տար, կորած տեղ չի։ Տարավ մարդը, շնորհակալ եմ, լավ պատվեց։

− Դու էլ կակղեցիր, հը՞,− հեգնանքով ասաց Մկրտումը և համրիչը վերցնելով սեղանից, մոտեցավ նրան։− Ինչքա՞ն փող ունես մոտդ։− Եփրեմը սկսեց գրպանները դատարկել. դրամը մեկ-մեկ դնում էր սեղանի վրա, իսկ Մկրտումը հաշվում էր: