Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/46

Այս էջը հաստատված է

հավան չէր, ա՛ խալխը, դե դուք դատավոր եղեք,− կեղծ անմեղությամբ դիմում էր նա գյուղացիներին։

Եվ հենց նույն օրը չթի գինը մեկին երկու թանկացավ։

* * *

Վանդունց Բադին այդ օրը տավարը չտարավ, գնաց գեղամեջ ու խեղճ-խեղճ հայտնեց, որ քաղաք է գնում իմանալու, թե ինչ եղավ որդին։

− Էն ա բերդումը նստած, ի՞նչ ես դարդոտում, այ պառավ,− ասաց գզիր Զաքին։

Մի քանի հոգի խղճացին նրան և իրենք տարան տավարը գյուղի։

Շատ տարիներ առաջ էր Բադին քաղաք գնացել։ Նա հիշում էր, որ քաղաքին չհասած Խաչի աղենց քարվանսարան կա։ Կգնա, հարցուփորձով կիմանա։

Բայց դեռ գյուղից դուրս չեկած, Բադին իմացավ, որ քարվանսարան էլ է վառվել, որովհետև բոլշևիկի ձիաներն այնտեղ են կապված եղել։

Ո՞ւմ մոտ գնալ. հենց ուղիղ վարժապետ Մինասի մոտ։ Մեծ մարդ է, քաղաքում կոմիտե։ Կպատմի նրան, ձեռ ու ոտը կպաչի, գուցե Հաբուդին ազատեն։

Բադին քանի քաղաքին էր մոտենում, այնքան ավելի էր զգում, որ ծնկները դողում են, ոտքերը դժվար են առաջ գնում։ Մի երկու տեղ կանգնեց, փափախով ճակատի քրտինքը սրբեց, շունչ առավ ու նորից շարունակեց ճանապարհը։

Ահա և քարվանսարան։ Գերանները դեռ մխում են, սևացած պատերն են մնացել միայն։ Հենց քաղաք մտնելուն պես Բադին փողոցում տեսավ մեկին, որ թևին կարմիր շոր ուներ կապած։ Ուժ արեց, և ոտները քարշ տալով մոտեցավ նրան, խոր գլուխ տվեց։

− Վարժապեա Մինասի կանցելարը ի՞նչ տեղ ա,− հարցրեց։

— Ի՞նչ ես անում...

− Խնդիրք ունեմ, փորձանք է եկել գլխիս...

Եվ աչքերում արցունք, Բադին սկսեց պատմել որդու մասին լսածը։

− Հըմ...− արեց մարդը, մատով ցույց տվեց սպիտակ մի շենք, որ այնքան էլ հեռու չէր։

Բադին այդ շենքին մոտեցավ, բայց ներս չթողեցին, ասին՝ էգուց կգաս։