Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/462

Այս էջը հաստատված է

նա լսեց Եփրեմի ծիծաղն ու մանկան լացը... Հայրը փոքրիկին անկողնից հանել էր, գլորում էր ու փափուկ տեղերից ցավացնելու չափ համբուրում:

Խոջա-Հիբանի ամարաթի վերի հարկի ճրագն էլ հանգավ։ Մնաց միայն ջաղացի խարույկը, որի շուրջ նստած մարդկանց ջաղացպանը պատմում էր իր ամենից սիրած հեքիաթն այն մասին, թե ինչպես մի հովիվ ոչխարը լճի մոտ տանելուց տեսնում է սպիտակ աղավնիների, որոնք անհայտ է, թե որտեղից իջնում են, փետուրները թողնում լճի ափին, դառնում փերի աղջիկներ, ջրի մեջ լողանում, ինչպես հովիվը գողանում է մեկի թևերը, և աղջիկն էլ չի կարողանում սպիտակ աղավնի դառնալ...

Գարունը բացվել էր։

3

Արբեցնող բույր էր բարձրանում այգիներից ու գետափին ընկած ծառաստաններից։ Սարերը մուգ-կանաչ էին հագել, և միայն բարձրերում, ամպերի տակ, ձյունի մանրիկ շերտերը դեռ սպիտակին էին տալիս։ Քարաքոսն ու մամուռը գարնան խոնավությունից ուռճացել ու պես-պես գույներով ներկել էին ժայռերն ու քարերը։ Անտառի թանձր կանալի միջից երևում էին հատ ու կենտ ցցաչոր ծառերը։ Օդում աղմուկ կար, որ գոյանում էր անթիվ անհամար բզեզների ու մեղուների բզզոցից, թռչունների կանչից ու վար անողների երկար ու ձիգ հորովելից։

Կարմրաքարն էլ էր կերպարանափոխվել։ Տերևակալել էին տների առաջ եղած հատ ու կենտ ծառերը, փտած գերանների վրա սունկերը շար էին ընկել, կտուրներին կանաչ էր բուսել ու կախվել։ Եկեղեցու գավթում խոտն այնքան շատ էր, որ Ավան ամին ըստ վաղեմի սովորության, Տեր Նորընծային խորհուրդ էր տալիս կանաչը խոտհարք պահելու և արգելելու, որ կաղ ոչխարներն ու գյուղամիջի էշերը կոխ տան ու թավալեն։

Բացվել էր գարունը, աշնան ցանած արտերը ծփում էին ծովի նման, մոխրագույն կոհակներ տալիս։ Ունանը քուն ու դադար չուներ. վարում էր, հա վարում, հորովել տալիս... Ծտերն ու ագռավները երամներով հետևում էին նրա վարին և թաց հողի միջից, խոփի հենց բերանից թռցնում ճիճու և որդ։ Գարնան փարթամ բնությունը ավելի էր խտացնում այն կոնտրաստը, որ գոյություն ուներ Կարմրաքարի ու նրա հանդերի միջև։ Գեղեցիկ էին արտերը, մարդու ձեռքով տնկած ծառաստանները,