Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/463

Այս էջը հաստատված է

նրա կապած մարգերը, ուր արդեն կանաչել էր լոբին, սարյակները ճռվողում էին կտուրների տակ կամ տանձենու ճյուղերի վրա և միայն մարդու բնակարանն ու ինքը մարդն էր, որ գարնան պայծառ արևի տակ փռելու ուրիշ բան չուներ, մաշված կարպետից ու միթիլը պատռած վերմակից բացի։

Գյուղի ամենավատ ժամանակն էր։ Տաշտը դատարկ էր, օրը մի քանի անգամ աչք էին գցում գարու արտերին, որ շուտով պիտի գորշանար ու հասկ գցեր։ Մաքուր էին փողոցներն ու բակերը, որովհետև աղբը կրել էին բանջարանոցները, գարնան արևը ծծել էր աղբակույտերի կծծահոտն ու խոնավությունը։ Մաքուր էր տների ներսը. ձմեռվա հաստ շորերն արևին էին տվել ու հագել հնամաշ արխալուղները։ Ոմանք ծանր փափախները դեն էին գցել, կապույտ թաշկինակ կապել գլուխներին։

Ավան ամին կացինը գոտկատեղում խրած, մեծ դանակը ձեռքին այգուց այգի էր շտապում, պատվաստները ստուգում։ Ամբողջ գյուղին էր հայտնի, որ Ավան ամու նման ոչ ոք ոչ պատվաստը գիտեր, ոչ էլ ծառի «խասիաթը»։ Անտառը նա գիտեր հինգ մատի նման։ Տեր Նորընծայի հետ երբեմն վեճի էր բռնվում և գրազ գալիս, թե ինքը կարող էր ասել այսինչ անտառամասում քանի ծառ կա և ինչ ծառեր են, իսկ տերտերը չի կարող ասել, թե ժամագրքի այսինչ երեսին ինչ աղոթք է գրված:

Ամեն այգում էլ նա պատվաստած ծառեր ուներ, յուրաքանչյուր գարնան այցի էր գնում իր պատվաստած ծառերին, ճյուղերը կտրում, խորհուրդներ տալիս և զայրանում, երբ տեսնում էր, որ չեն արել իր ասածը:

− Տանձն ուտելուց ճյուղերն էլ հետն ես մաշկում... Էս ձեռքդ կկոտրի՜, որ տակը փեյնես...

Գյուղի ամենալավ այգին նրանն էր։ Փոքր էր, բայց խնամքով մշակած։ Գարունը բացվելուն պես ծառերի չոր կեղևը մշակում էր, քերում, կոխ տալիս մաշկի տակ ձմեռած միջատներին և չոր տերևները վառում։ Եվ երբ մեղվի քթոցները սհարից այգի էր տեղափոխում, այդ նշան էր, որ մինչև խոր աշունը օրվա մեծ մասն այգումն է անցկացնելու։

− Ավան ամին քոչը բարձեց հա՜... Գարեքը հրես կհասնեն...

Արևը ջինջ երկնքի վրա հուրհրին տալով լողում էր և դանդաղ բարձրանում դեպի գագաթը։ Գյուղի փողոցներում մարդ չէր երևում։ Բոլոր-քարի ստվերում մուշ-մուշ քնել էր հարյուրամյա մի ծերունի, որ աշխատանքի այդ եռուզեռին եկել էր և, զրուցընկեր չգտնելով, քնով անցել: Խանութի առաջ մի քանի ձի արևից նեղվում էին և գլխով ու պոչի