Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/464

Այս էջը հաստատված է

շարժումով քշում ճանճերին: Քոչն արդեն բարձրացել էր. ձիավորները սարից էին իջել տնեցոց համար թեյ, շաքար ու կտոր գնելու:

Արդեն սկսվել էր քաղհանը: Հարս ու աղջիկ առավոտ կանուխ քաղի էին գնացել. նրանք տարել էին և փոքրերին ու տան դռներից կախել ժանգոտած կողպեքներ, բանալին պահելով հավաբնի մեջ: Ոմանք էլ դուոը միայն վրա էին դրել և բարակ թելով կապել, որ շունն ու հավը ներս չմտնեն: Այգիների կողմից լսվում էր բայաթու ծործոր ձայնը, գետի մոտ՝ մեկը հա կանչում էր էշին՝ «թոշ-թոշ...»: Ջաղացի դռանը մարդ չէր երևում։

Քառասնաջրի կողմը, Խոջա-Հիբանի մեծ արտում քաղհանավորի երկար շարքն էր ձգվել։ Այնքան դանդաղ էին շարժվում, որ նայողին թվում էր, թե գույնզգույն շորերի շարքը կանայք չեն, այլ գունավոր քարեր արտի կանաչի մեջ: Շարքի ձախ ծայրին, ձորակի մոտ, սպիտակ շորով մի կին ավելի հաճախ էր բարձրանում, երբեմն ձեռքը ճակատին տանում՝ արևից պաշտպանվելու համար և նայում ձորակի կողմը, որտեղից լսելի էր տխուր երգի ձայն, ուրախ ծիծաղ ու մուրճի միալար զրնգոց։ Աղջիկը ձայներից ջոկում էր, որ տխուր երգողը ուստա Նազարն է, «հայաստանցի գաղթականը», որի տունը գտնվում է Ղարիբանոցում, իրենց տան կից: Ուստան ազատ օրերին էլ էր նստում տան պատի տակ և քթի տակ մռմռում նույն երգը: Ուրախ ծիծաղը, որ ձիու վրնջոցի էր նման, Արզումանինն էր, իսկ զրնգացողն իրենց ծանր մուրճն էր։

Երրորդ օրն էր, որ ուստա Նազարը, Մկրտումի պատվերով ու նրա տված չափով աշխատանքի էր անցել Քառասնաջրի ձորակում, այնտեղ, ուր անտառի և նրանց հողի սահմանն էր։ Տեղը նա էր որոշել և Ուստա Նազարի հետ միասին քողով չափել պատի երկայնքը, ցույց էր տվել, թե որտեղ պիտի շինեն ջրի ամբարտակն ու երկարավուն ծածկը: Նրա ցույց տված տեղով հիմքը փորել էին, անտառի միջից մի նոր առու հանել, որպեսզի մինչև ամբարտակի կառուցումը Քառասնաջուրը նոր առվակով հոսի:

Աշխատանքը եռում էր։ Արզումանը, որ այդ գարնանն էր զինվորությունից վերադարձել, ուժով հենվում էր ծանր լինգին և մեծ քարերը տեղահան անում։ Նա ձորակի մյուս ափին էր, մի քիչ բարձր։ Ամեն անգամ քարը գլորելուց քահ-քահ ծիծաղում էր և կանչում ուստա Նազարին, երբեմն էլ հայհոյում էր քարին, լինգին և հենց այնպես, ըստ սովորության։

− Ուստա Նազար, ես քեզ համար րադ ստարատցա... Պրիկազը տուր՝ ուզում ես քերծերը թափեմ ձորի մեջ... Յա սալդաթ 117 պենզենսկի