Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/466

Այս էջը հաստատված է

է՜, կալատեղը գեղումն է, թե ասեմ ամբար է, էս ճամփի բերանն ամբարի տեղ չի...

Ուստան ուսերը թոթվեց.

− Եսիմ... Շքենք... Խազեյնի քեֆ։ Մեզ ի՞նչ... Կուզես ուսումնարան շինեմ, կուզես դուսաղխանա։ Պատը պատ է...

− Մարդ մաշկելու զավոդ է, Ավան ամի,− ասաց Արզումանը, վերից իջնելով։− Գեղումը մարդուց էժան ինչ կա՜... Էնքան իզուր հաց ուտող կա՜... Մկրտումը բերելու է, գցի մաշինի ռեխը, կլպի կարտոշկու նման, ոսկորից ձեթ հանի... Վիդալ մենդալ, ախ տի զեմլյակ... Օչերեդով կանգնելու են, րոտա ստրոյսա... Ում ժերբն ընկավ, վիզը դնելու է տակը։ Բա՜ս... Հիմա էսպես է թազա պրիկազը: Հենց գիտես տանձի տնկելով աշխարքի թագավորն ե՞ս... Այ ըստեղ տրուբան տնկելու է, ծուխը մինչև երկինք հանի, աստծու միրուքն էլ խանձի... Եյ բող... Ըստեղ մաշին պիտի գալ, դու հլա որտե՜ղ ես...

− Ադա օին բաներ մի՜ ասի։ Կարմրաքարը մաշինի երեսը իրա օրում տեսած չի... Էնա ասա արաղի զավոդ եք շինում էլի՜...– Եվ փորած հիմքերին ուշադրությամբ նայելուց հետո ասաց.− էսքան մե՜ծ...

− Բա էստեղ ինչ պիտի շինեք,− ու ձեռքը մեկնեց ձորակում թափած քարերին։− Սիմո՞ն... Սիմոն, էլի դու մի բան գլխի գցես, էս Արզումանը հո էն գլխից էր շաշ, ասենք թե թագավորին չորս տարի սալդաթություն է արել...

− Շա՜շ... Հիմա եմ տեսնում, որ հալիվորել ես, Ավան ամի... Պիշի պրապալ... Էս ինջիներ Մանգասարովի զավոդն ա, իմացա՞ր... Էն քարերը որ տեսնում ես, ըսենց պիտի ձորի առաջը կտրե՜նք, չորս արշին պատ քաշենք, որ ջուրը գյոլ տա...

− Այ տղա, ճամփու բերան է, հարևան բան կընկնի մեջը,− ասաց Ավան ամին, ուշադիր նալելով ձորի քարերին և նոր առվի հետքին։

− Սիմոն, բա լսում չե՞ս... Քեզ եմ ասում... Գլխի չե՜ս...

− Եսիմ... Հրեն ասում է էլի՜... Ես ո՞վ եմ, որ նրանց խորհուրդն իմանամ։

− Էստեղ մի բան կա՜, գլխի չեմ... Իմ լսելովս արաղի զավոդ պետք է լինի... Համա զավոդի նման չի։ Տերտերն էլ ասում էր, թե մեծ ավազան է լինում, որ ամառը ջուրը չցամաքի բոստանների համար...

− Հա, քո ասածն է, Ավան ամի։ Նրանց քունը չի տանում, գիշեր-ցերեկ դումիտ են անում, որ Ղարիբանոցի սովածները մեծ պասին լոբով շորվա ուտեն։ Դու էդ ասա, էդ տանձիքը ո՞ւմ համար ես տանում... Կարմրաքարի ստարշիքն էլ որ քեզ նման լինեն, ասա ժողովուրդը գնա