Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/467

Այս էջը հաստատված է


Մարցա ջուրն ընկնի։ Տակիդ կարպետը քաշում են, հանում. դու հլա երազ ես պատմում...

− Դե որ ուսումնագետ լինենք, հալբաթ մենք էլ յարի դարմանը կիմանայինք։ Յա ես, յա էն չոլում բառանչողը, հը՞, ի՞նչ կասես, Եգոր...

Եգորը հոգնել էր։ Նա ուրախ էր, որ խոսակցությունով են բռնվել ու հանգստանում են։ Նստել էր քարին ու մեկ-մեկ պոկոտում էր թարթանջուկի թևերը, ծամում։ Սովել էր և անհամբեր սպասում էր, որ ուստան հացի նստի։

− Հիմա ինչ ժամանակներ ե՜ն... Առաջ որ քու տանդ պատին էլ մի քար դնեիր, առանց ջամհարթի խոսքի իրավունք չկար։ Ծառն ինչ է, էլի տնկելուց հարևանիդ խաթրը պետք է առնեիր, թե հաշտություն չլիներ, գյուղի իշխան մարդկանց մեջ էիր գցում, համոզն առնում... Բա ո՞նց... Ծառը շվաք կաներ բոստանի վրա։ Էն ժամանակն ո՜ւր... Եքքա թոփխանե են շինում, իսկի մի իրավունք, մի հարցմունք։ Ամեն մարդ իր գլխի տերը, ուտողն ուտողի։ Էգուց էլ չափարը կապելու է, թի իմ հողից ղուշն իր թևով պետք է չանցնի, էս իմ հայրենիքն է։

− Է՜, Ավան ամի, էշը կորցրել, չվան կհարցնես... Ասա Քառասնջուրը մերը լիներ... Թե չէ ձորի մեջ պատ շարելով գեղին ինչ վնաս: Քսան տարի օրն աշխատի, օրը կերա, մի հավաբուն չշքի...− ասաց ուստան, ծխի քուլաները պնչերից առատորեն հանելով։

− Մալը չևո սիրտդ ուզում է... Էս սհաթիս մի տաք բորշ լիներ, եյ բող, կաշևարին էլ հետը կուտեի։ Տվողն ո՞վ է... Հրեն Եգորը տավարի նման սաղ թարթանջուկը կերավ։

Եգորը կարմրատակեց։

− Խարչին խազեյսկի է... Հրես հա՜.– և նա ոտքը մեկնեց սփռոցին:– Մենակ ինձ չի հերիք,− Եգորն աչքը գցեց սփռոցին:− Հը՞, բերանիդ ջրերը գնա՞ց... Սովամահի տղա. պինդ քաշի, փորդ էնպես քաշի, որ ֆելդֆեբելի մատներն արանքով չմտնեն: Ավան ամի, թագավորին ծառայելը սրանից լավ է... Էլի մի կուշտ փորով հաց ուտում էիր։ Էնքան բորշչ էին տալի՜ս... Չէ, միտքս ծռվել է: Աշունքն ուզում եմ Բաքու գնամ, ինչքան չլինի հացափոր կաշխատե՜մ, զատո քեփ էլ կանեմ, հը՞, ի՞նչ ես ասում։

− Ի՞նչ եմ իմանում, որ ի՞նչ ասեմ... Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը: Վակզալի ճանապարհը ջաղացի ճանապարհից էլ հեշտացել է: Հենց ում տեղը մի քիչ նեղանում է, հացը մեջքն է կապում, յալլա՛... Էստեղ էլ կոնդ ու չոլախն են մնում, ինձ նման հալից ընկածը: Էնքան գնացին, որ տակին մնացողը հերիք չի նրանց փակ դռներին մտիկ տալու։