Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/468

Այս էջը հաստատված է


Թմբի գլխին ձիու ոտնաձայն լսվեց ու մի վայրկյան հետո երևաց Մկրտումը։

− Լավ ե՜ք... Ուզած վախտը ճաշթող եք արել,− ասաց նա և ցած իջավ, ձիու սանձը ձգեց Եգորի կողմը, քթի տակ «բարի օր» ասելով: Նրան դուր չեկավ Ավան ամու ներկայությունը, բայց ծածկելով այդ, դարձավ նրան.

− Էլի փեշակիդ ե՞ս...− ու մտրակի կոթը մեկնեց քարի մոտ դրած տանձենու տունկերին։– Երանի՜ քեզ... Անմահական հիշատակ ես թողնում հուր հավիտյան... Տանձն ուտելու են, քեզ էլ օրհնանք տան։ Մենք հե՜չ, ավետարանի թևում գրված չի մեր անունը։ Ի՞նչ կասես, ուստա:

− Ճշմարիտ է, արդար գործը միշտ կմնա...

− Անարդա՞րը,− կտրուկ հարցրեց Մկրտումը։

− Ո՜վ գիտե աշխարհի բանը... նա աչքի տակով նայեց թափած քարերին, փորած հիմքը տեսավ, մտավ մեջը, կռացավ և աչքի չափով ստուգեց պատի ուղղությունը:

− Խելքդ ի՞նչ է կտրում,− դարձավ նա Ավան ամուն,− էլի ինչքան չլինի ինձանից փորձված ես... Էս իմ պլանից ի՞նչ դուրս կգա։

− Ի՞նչ ես շինում,− հարցրեց Ավան ամին դժկամությամբ։

− Ուզում եմ Կարմրաքարը լուսավորեմ,− ու ծիծաղեց,− մի թեթև զավոդ ամալլու բան եմ սարքելու... Գերան կպատահի, տախտակ կքաշենք, ճանճի բանի համար յաշչիկ կշինենք։ Չի պատահի, կրահոր կշինենք, ուզողին կտանք։ Էս ձորը լիքը կրաքար է... Ուժներս տա, անելու շատ բան կա... Ով գիտի, բախտի բան է, մեկ էլ տեսար մի ինջիներ եկավ, ասեց թե էս հողի տակին մադան կա։

− Դե հո սուտ չի։ Հրեն ասում են Զեյթայի վերի հանդում քարի քոմուրի մադան են գտել,− ասաց Արզումանը։

− Որ վնաս էլ անեմ, մի քանի աղքատ էլ է հաց կուտեն։ Էդ էլ իմ վարձը լինի։ Աշխարհը հո հետս գերեզման չեմ տանելու, ասենք մարդու թամահն է շատ... Էս է, Արզումանին զավեդուշի եմ դնելու:

− Եգորին էլ ստարշի մաստեր,− վրա բերեց Արզումանը ու ծիծաղեց։ Նրա ծիծաղը հաճելի չեղավ Մկրտումին։ Փշաքաղվեց, աչքերը խորն ընկան, ճակատի ճեղքվածքի շուրջն արյուն հավաքվեց։

− Բա ջուրը ո՞նց ես անում,− հարցրեց Ավան ամին, ծածկելու համար Արզումանի ծիծաղի տպավորությունը։

− Ջուրը ձորով էլի թող գնա... Էս պատը քաշում եմ, որ ամառը ջուրը բարակելուց զավոդը պարապ չմնա։

− Էս ջուրը զավոդ չի բանեցնի, Մկրտում։