Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/469

Այս էջը հաստատված է

− Չի բանեցնի՞... Վերի առուն էլ շուռ կտամ։− Վերի առուն սարից էր գալիս և անցնում Խոջա-Հիբանի մեծ արտով, իջնում գյուղի վրա։

− Վերի առո՞ւն,− ու բոլորը զարմացան։ Նույնիսկ Եգորը տեղից վեր կացավ ու մոտեցավ նրանց, հետևից քաշելով ձին։ Վերին առվակն անցնում էր նրանց բակով և բակի երկու պառավ տանձենիները ամառվա տապին լիուլի ջուր էին արբում։

− Ոնց կլինի է՜դ...

Սիմոնը դադարեցրել էր մուրճի զրնգոցն ու երեսը դարձրել խոսողների կողմը։

− Բա ժողովո՞ւրդը...

− Ուրեմն կժերով պիտի ջուր բերեն, կալերը ցեխապատե՞ն...

− Տանձիքը կչորանա՜ն...

Համարյա միաժամանակ հարցրին Ավան ամին, Արզումանն ու Եգորը։ Մկրտումն ունքերն իրար տվավ ու գլուխը թեքելով Եգորի կողմը, կանչեց.

− Ձին հեռու տար... Սրան տե՛ս... Կաթը պռոշին չորացել չի, խոսքի է խառնվում... Զահրումար տանձիքը։ Ծմակը լիքը տանձ է, էնքան կե՜ր, որ զխկրտի։

− Ո՞նց ես ուզում։ Էն էլ իրենց տան փափախավորն է, ոնց թե ծմակից տանձ բեր,− ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին։ Արզումանը մի քայլ էլ մոտեցավ։

− Է՛հ, ասենք նրա խելքը էդքան չի հասնում, դու էլ նրա թայը հո չես,– դարձավ նա Ավան ամուն ժպիտն երեսին։− Ուրեմն հավատացիր էլի՜... Վաշշ, դե էնա ասի Կարմրաքարի դուշմանն է էլի։ Էդ իսկի ես կանե՞մ, ուրեմն ես պետք է քոչեմ էս գեղից։ Էհ, էդպես է՜... լավություն էլ անես, վատն ես, վատություն էլ անես, աչքից ընկած ես...− սրտնեղած վերջացրեց նա ու շատ խոր նայեց Ավան ամուն, ապա հանկարծ շրջվեց Արզումանի կողմը, ասես ուզում էր իր խոսքի ազդեցությունը ստուգել։

− Կարմրաքարում թե մի բարեկամ ունեմ, հրեն է,− մտրակի կոթը մեկնեց Սիմոնի կողմը,− չէ՜ Սիմոն...

Սիմոնը չպատասխանեց։

− Մտքումս կա, որ քաշած տախտակից ուսումնարանի համար նստարան շինեմ... Թե չէ էն ինչ է։ Ոչ բարով ես էլ եմ հոգաբարձու: Հերու, ամառը Բեկտաբեգովն էլ տեսավ... Ասում է հայոց ուսումնարանը մշտական աղքատ է, լավ կանեք միրսկի պրիգովոր տաք, թագավորական