Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/470

Այս էջը հաստատված է

շկոլ բաց անենք։ Ասի չէ, էդ լինելու բան չի, մեր երեխեքը թող մայրենի լեզվով ուսում առնեն...

− Մին չի՞,− ուսերը թոթվելով ասաց Արզումանը,− դու հաց աս... Փորին ի՞նչ լեզու...

− Խելառ ես, ինչ է,− հարեց ուստա Նազարը,− մարդ յուր օրենք մոռանա, ռսի լեզվով ուսում առնե՞ն... Մեր երկիր բոլոր հայի լեզու կխոսի։

− Հա, Մկրտում, գերանը ո՞ր ծմակից ես բերելու,− խոսակցությունը փոխելով հարցրեց Ավան ամին։

− Փողի բան չի՞... Թագավորական ծմակը շեն մնա: Փող տուր էգուց կուպչի կրեպոստը հանեմ, ինչքան քեփդ ուզի հա կտրի...

− Հարկի փողի բան է, երեխան էլ է իմանում, որ աշխարհս փողի վրա է շուռ գալիս։ Իմ ասմունքս դա չի։ Օրինակ, զակոնը թույլատրելի չի, որ Քասառնաջրի ծմակը ծախվի... Շատ էլ թագավորական է։ Մեր եզնիքը, մեր տավարը, կալից որ դուրս ենք հանում, ալբհալ ծմակն են մտնում։ Հավերն էլ են գալիս... Աշունքը տավարի յաթաղն է էս ծմակը: Հերու էր թե մեկել տարին, մեր Օհանի հավը երկու ամիս ձու չէր ածում: Վերջը քառասուն, թե հիսուն ձու ճարեցին ծմակում։ Անիրավը մտել էր մոշուտի մեջ... Հա, էն եմ ասում, որ Քառասնաջուրը ժողովրդի հուսատեղն է, օջախի չոփը էստեղից են հավաքում։ Ուրեմն զակոնի կողմանից թույլատրելի չի...

− Ի՞նչը։

− Օրինակ, որ տոլկի դնեն, Քառասնաջուրը ծախեն։

− Խազնեն ինչ ուզի կանի... Ծմակը թագավորական է, ում ուզի կտա... փողի բան չի՞...

− Հա է՜, թող էլի փողի լինի։ Ժողովրդի մեջքն էլ հո կոտրա՞ծ չի... Փարթ կանենք, կհավաքենք։ Եթե տոլկումը դնեն, մենք կառնենք...

− Կարելի է՜...

− Դե ես էլ էդ եմ ասում է՜...

− Որ կորպուզի կամանդիրն էլ գա, մի շյուղ էլ չեմ թողնի կտրի... Սաղ ժողովրդին թոփ կանեմ, րոտա ստրոյսա... պլի, —ու լինգը մեկնեց, նշան բռնեց։

Մկրտումը բարձր ծիծաղեց.

− Ա, հերիք է... Ուրիշն էլ կլսի, կասի խառնակիչ խոսքեր են ասում տերության մասին, հանաքը կդառնա դագանակ։ Քառասնաջուրն ում ուզում են տան, տերության հոգսն ինձ չեն տվել, հո՜,− ու ձայն տվավ Եգորին.− ձին քաշի։ Ուստա, դե մի քիչ ջահտ արա, էս շաբաթ գլուխը