Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/471

Այս էջը հաստատված է


ծածկի։ Հայ արևդ կծեմ, գործին տաք կպի,− ասաց Եգորին, ձին նստելուց,− ողորմած հոգի հերդ գործի մեջ ասլան էր։ Հինգ փթանոց ջվալը մի ձեռքով էր ուսին դնում։

Ձին փնչոցով վեր բարձրացավ, սմբակները մագիլների պես խրելով հողի մեջ։

− Խելքդ ի՞նչ է կտրում, Արզուման, ես էնքան էլ գլխի չեմ...− հարցրեց Ավան ամին ու գրպանից հանեց արծաթագլուխ չիբուխը:− Էնպես ափսունել գիտի ո՜ր, օձը ծակից կհանի։ Հը՞...

− Այ, նո՛ւ եվո... Ի՞նչս է կորչում։ Մի գլուխ ունեմ, կառնեմ որտեղ քեփս տա, էնտեղ էլ կապրեմ։ Վերջը կերածնիս մի փոր հաց չի՞... Քանի ուժ ունենք, սոված չենք մնա... Վեր կաց, Եգոր... Էն քարերն էլ տանենք, հետո տեսնենք ուստա Նազարի փորը երբ է սովածանում։ Չէ՛, էգուց ես հետս հաց եմ բերելու... Ուստան ուղտի ջինս է, մի շաբաթ էլ չուտի, կդիմանա...

− Ես էլ գնամ,− ասաց Ավան ամին, ձեռքը մեկնելով տունկերին:

− Գնա, ծառերդ տնկի... Աշխարհի դարդը քեզ չեն տվել, աշխարհի հերն անիծած... Մինը քոհլան ձին նստած կանաչ տախտերում ման գա, էն մինի մեջքն էլ էնքան քար շալակի, որ փալանը հարի, ջիդավ դառնա։

Եվ բարկացած իջավ ձորակը։ Եգորը ոտքերը քարշ տալով հետևեց նրան։

Արզումանը զարմանալի փոփոխական բնավորություն ուներ։ Նա հանկարծ հուսահատվում էր, թքում ամեն ինչի վրա և կատաղած աշխատում, եթե աշխատանք կար ձեռքին։ Զինվորության մեջ, երբ նրա վրա իջնում էր այդ տրամադրությունը, նույնիսկ ֆելդֆեբել Իվան Իվանիչը վախենում էր նրան մոտենալու: Ծայրահեղ հուսահատությանը հանկարծ հաջորդում էր այնպիսի ուրախություն, ասես աշխարհն իրենն էր։ Հորթի նման թռչկոտում էր։ Մերթ սուր հանաքներ էր անում և երբ լսողները սրտանց ծիծաղում էին նրա ասածի վրա, հանկարծ զայրանում էր և գոռում.

− Շան որդիք... Ի՞նչ է, ես ձեր մասխարան ե՞մ։

Անարդարության ինչ դեպք էլ լիներ, նա մի կերպ իր վերաբերմունքը պիտի ցույց տար, ներսի մաղձը թափեր։ Նրան գիժ էին ասում, բայց ասողներից և ոչ մեկը չէր կարող համարձակ աչքերով նրա երեսին նայել այն ժամանակ, երբ նա զայրացած էր։ Երբ նրան զինվոր էին տանում, տանուտերի երեսին գյուղի հրապարակում այնպիսի խոսքեր