Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/472

Այս էջը հաստատված է

ասաց, որ նույնիսկ ամենահամարձակ մարդիկ վախեցան և կարծիք հայտնեցին, թե նա զինվորությունից այլևս չի վերադառնա։

Արզումանը գյուղում տուն ու տեղ ուներ, բայց այդ տանն ապրող չորս շնչից և ոչ մեկն էլ նրան հարազատ չէր։ Մոր մահից հետո հայրը երկրորդ անգամ էր կին առել, և այդ կնոջից էլ սերել էին այն փոքրերը, որոնք նրան եղբայր էին ասում, բայց ինքը ոչինչ ազգակցական չուներ նրանց հանդեպ։ Զինվորության առաջին տարին մահացել էր և հայրը։ Առաջ էլ նա խորթ մոր հետ չէր հաշտվում և երբ ծնվեց առաջին մանուկը, խորթության վիհը դարձավ անդունդ, և նա մեծացավ բարեկամների տանն ու դռանը։ Ու երբ լուր ստացվեց, որ Արզումանը զինվորությունից վերադառնում է, և լուրն իրար հաղորդեցին աղբյուրը գնացած կանայք, ոմանք հառաչանքով կարծիք հայտնեցին, որ կգա, հոր ավերակները կտեսնի, գլուխը կառնի ու կանհայտանա։ Պառավ կանայք ուրիշ բան էին ասում։

− Ոտը կկապի, էլ չի կարա հեռանալ...

Վերադարձի երկրորդ օրը ևեթ նրան խորհուրդ տվողներ եղան ամուսնանալու։ Նա Ավան ամու մոտ գնաց, վերջինս տնտղեց նորեկին, հարցուփորձ արեց «Ռուսաստանու կողմերից, էժանից ու թանկից, ժողովրդի ավհալաթից» և երբ զինվորության մեջ սովորած կիսատ-պռատ ռուսերենը խոսքին խառնելով Արզումանն ավարտեց իր պատմությունը, և որպես աշխարհի հրաշալիքներից մեկը նկարագրեց «Ադես քաղաքը, թոփով պարախոդն ու ռուսաց հողի հարստությունը, որտեղ ցորենն այնքան բարձր է բուսնում, որ ձին ձիավորով միջին կորչում էս− երբ ավարտեց իր պատմությունը, Ավան ամին տխրությամբ ասաց.

− Բաղդադ էլ խուրմա շատ կա, մե՞զ ինչ... Շատ էլ Ռուսեթը մեծ երկիր է, որ էլի հայրենիք չի դառնա։ Գլուխդ կախ արա, քո ակոսդ ծրի... Հրեդ եքա մարդ ես դառել, տնավորվի, մի կերպ կառավարվի, հալբաթ մի լույս էլ մեզ կհասնի։ Էսպես նեղում չենք մնա՜...

Արզումանը հայտնել էր իր միտքը Բաքու գնալու մասին։ Ավան ամին առարկել էր, խորհուրդ էր տվել հայրական այգին նորոգել։

− Ձեր էն բաղի կողքով որ անց եմ կենում, քիթս մխում է։ Չափարը ջարդած, մեջը քար... Ծառերը՝ էն ցաքի փուշը քեզ օրինակ, իրար գլխով են դառել... Կռներումդ ուժ կա, գնա ավադ արա, էլի հուսատեղ է նեղ օրվա համար։

− Է՜հ, բաղս որն է... Երկու լափռի կա, մի տանձի: Խուրձ կրողներն էլ էնքան քարով են տվել, որ կեսը չորացել է։ Նու եվո, սավսեմ։ Մեր պերվի կորպուսը տարել էին մանևրի Վարշավու կողմերը... Ա՜յ