Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/473

Այս էջը հաստատված է

բաղեր։ Օխտն օր օխտը գիշեր ձիավորն անցկացավ, բաղի չափարը պրծավ... Պակրայնի մերե մարդ էդպես բաղ պահի։

− Դու գիտես... Իմ խելքս էլ էդքան է կտրում։ Ամենայն մի երկիր մին պլան ունի։ Էս էլ մեր երկրի պլանն է...

Արզումանը հեռացել էր Ավան ամուց այն հաստատ որոշմբ, որ գյուղում կմնա մի քանի օր էլ, կտեսնի բարեկամներին, հյուր կգնա նրանց տները, կպատմի «Ադես քաղաքի և թոփով պարախոդի մասին», մի քիչ էլ կզարմացնի իր ռուսերենով, կոշտ սապոգներով և այն նշանով, որ ստացել էր լավ հրաձիգ լինելու համար ու կհեռանա գյուղից, ամեն ինչ թողնելով խորթ մորն ու նրա ժառանգներին։

Այդ քանի օրը նա ուշ էր վեր կենում, փալասի կտորով սրբում էր կոշիկները և բարձի տակից հանում զինվորական շալվարը, որ քնելուց ծալում էր խնամքով, գլխատակին դնում՝ ծալը չկոտրելու համար։ Փոքրիկ երկաթե սանրով մազերի փնջերը ոլորում էր թեք ու միահավասար, կարտուզը ծուռ դրած փողոց ելնում։ Գյուղում լուրեր էին տարածվում, որ Արզումանը աղջիկ է ջոկում։ Ոմանք հավատում էին, մայրեր կային, որոնք սրտատրոփ սպասում էին, թե ահա կանցնի նա իրենց տան առաջով, կմտնի և գուցե թե մի բան լինի։

Իսկ Արզումանն իրեն հասակակից ընկերներին պատմում էր այն մասին, թե ինչպես իրենց վաշտը մանևրի ժամանակ լեհական մի գյուղ տարան։ Պատմում էր և աչքերը փայլատակում էին հիշողության հրճվանքից:

− Ա՜յ աղջիկներ, թամամ հրեշտակ... Սավսեմ սլաբոդնի գալիս են, հետդ խոսում, ասում... թե մի քիչ արսըզ ես, կուռդ ճտովը գցի... Իսկի չի խոսում։ Հորը մորը առաջ քեզ պոդրուչկա է անում։ Սպիտա՜կ, սպիտա՜կ... Երեսհատին որ նայում ես, պատկերդ միջին շողշողում է։ Աբմունդիրավաննին էլ թազա էինք ստացել, կոհակները պսպղում էին ոսկու նման... Էլ ինչ կերուխում, ինչ արգան, մուզիկ, դուխավոյ արկեստր...

Եվ պատմում էր, թե ինչպես է մի տուն ընկել, ուր երեք քույր են եղել, մի պառավ մայր։

− Կավկազի մարդի համար խելագարված են...− որպես իրական ապացույց իր ասածների, հանում էր ծոցի գրպանից նրանցից ստացած մի նկար։ Ճիշտ է, դարձյալ երեք քույրեր էին, բայց այդ նրանց լուսանկարը չէր, այլ սովորական բացիկ, որ նվիրել էին նրան երեք լեհուհիները։

Այդ օրերումն էլ պատահեց այն հանկարծակի հանդիպումը, որ և