Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/474

Այս էջը հաստատված է

վճռեց նրա գյուղում մնալու հարցը։ Ջաղացպանին տեսության գնալուց նա անցավ Ղարիբանոցի այգիների միջով ու հանկարծ դեմ դուրս եկավ բարձրահասակ, լիքը մի աղջիկ, որ ձեռքերը վեր էր բարձրացրել ու բռնել կուժի ունկից։ Աղջիկը նրան տեսավ թե չէ, կարմրեց, գլուխը խոնարհեց... Արզումանը տեսավ նրա երկար արտևանունքները, լիքը կուրծքը, որ ավելի էր ուռել, որովհետև աղջիկը ձեռքերը վեր էր բարձրացրել և բռնել կժից։ Տեսավ ու տեղը մեխվեց։ Աղջիկն անցավ, կժի մեջ ջուրը խուլ արձագանք էր տալիս՝ կըլթ-կըլթ, տարուբեր լինում աղջկա ոտնափոխից։ Արզումանը ետ նայեց, շորորալով գնում էր աղջիկը, կուժն ուսին ու ոտաբոբիկ։ «Նա է՞ր... չէ՜, նման էր», մտածեց Արզումանն ու ետ դարձավ։ Նա տեսավ, թե ինչպես աղջիկը մտավ Շալուն Սիմոնի դռնից։ Նա էր՝ Սալբին։

Արզումանը գիտեր, որ Սիմոնն աղջիկ ունի։ Զինվորության ժամանակ, երբ երեկոները հերթապահը փոստը բաժանում էր և հավաքվում էին նամակ ստացողների շուրջը, նամակի ընթերցումից հետո կազարմայում խոսակցություն էր բացվում կանանց մասին։ Ամեն մարդ իրենց գյուղերիցն էր պատմում, տեսած կանանց գովքն անում։ Զինվորներից մեկը աշխարհի ամենից երևելի գեղեցկուհուն համարում էր իր խորթ քրոջը և նրա մասին այնպես էր պատմում, այնպիսի շարժ ու ձևով, շրթունքները չմպացնելով, որ լսողներն իրենց կասկածն էին հայտնում, թե նրանց մեջ ինչ-որ բան է պատահել։ Արզումանն էլ էր պատմում ու պատմելուց հետո, երբ քնելու փողը փչում էին, պառկում էր ու ժամերով վերհիշում գյուղը։ Այդ ժամերին նա մտաբերում էր և Սալբուն, հիշում էր փոքրիկ այն աղջկան, որի հետ մի ամառ խուրձ էին կրել:

Ջաղաց հասնելուց հետո էլ ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչքան շա՜տ է մեծացել։ Այդ օրից նա խոր պահեց «հրեշտակների» նկարը։ Ճիշտ է, նրա ուրախությունը խորացավ, նա լռությամբ էր անցնում այն դեպքերի վրայով, որ պատահել էին Վարշավայի մանյովրի ժամանակ:

Նրա գնալն ուշանում էր։ Գյուղի կանայք ասում էին.

- Շուռ է գալի գյուղի վրա, տեսնենք որ թխսամոր ճուտը կփախցնի...

...Արզումանը քարի գլխից բարկացած իջավ ու այնպիսի մի մեծ քար գրկեց, որ Եգորը մնաց զարմացած։ Վերև տանելուց գոտու կապերը կտրվեցին, և գոտին ընկավ։

Քարի գլխից նա աչք էր ածել քաղհանավորներին ու տեսել էր նույն շարքը, մի քիչ ավելի խոր գնացած։ Ոչ ոք չէր բարձրանում։ Մկրտումը ձիու վրա նստած խոսում էր Շողերի հետ։ Արզումանը երկար նայեց.