Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/475

Այս էջը հաստատված է


նա ուզում էր, որ Սալբին վեր բարձրանա ու մի անգամ էլ նայի ձորակի կողմը։ Սպասեց... Ու հանկարծ Մկրտումը տեսավ։ Արզումանը ձևացրեց, թե քար է գլորում ու զայրացած իջավ։ Մեծ քարը հիմի փոսի մեջ շպրտելուց հետո, թևով ճակատի քրտինքը սրբեց։

− Խիղճ չունե՞ս դու... Մեռանք է՜ սովից։ Եգոր, արի՛, Սիմոն ապե՛ր, վեր կաց... Դու էլ ուստա դառար մեր գլխին էլի՜... Պարտվողի արաբան դրել ես բերանդ, էս ձորերը մուխով լցրել, էլ հացն ինչ ես անում...

− Կերե՜ք, բան չեմ ասի... Էս քարն էլ դնեմ... Ես էլ անոթեցա,− ասաց ուստան ու քթի տակ շարունակեց մռմռալ մելամաղձոտ երգը՝ «դանդանավեր ա՜յ նանա՜»։

Մկրտումը դժգոհ հեռացավ։ Ավան ամուն ի՞նչ, թե ինչ է մտադիր անելու։ Ինչո՞ւ էր եկել... Ժպտաց։ Հիշեց նրա խոսքը՝ փարթ կանենք, Քառասնաջուրը տերությունից կառնենք... Ձին խայտալով գնում էր, աջ ու ձախ դունչը մեկնում, փրցնում ծաղիկ ու խոտ։ Հարկավոր չէր խիստ լինել... Լավ էր։ Հիմա նա իր մտքում թող մտածի գյուղի համար։ Ժամանակը կգա։ Ի՞նչ պիտի անեն, ի՞նչ կարող են անել, որ ուզենան էլ: Միայն արյուն են պղտորում։ Ձիու ոտքը քարին դիպավ, քիչ մնաց ընկներ։ Մկրտումը սանձը պինդ ձգեց և փորի տակով մտրակեց, մտրակը վզզաց գնդակի պես, ձին թռավ։ Այդպես... Ու մի քիչ հանգստացավ: Ասես մտրակը ձիու տեղ այն աներևույթ թշնամին ստացավ, որ խուլ դժգոհում էր, փնթփնթում, խեթ նայում, բայց ճակատ առ ճակատ դուրս չէր գալիս։

Ծփացող արտի տեսքը նրան հանգստացրեց։ Գարունը խոստանում էր առատ բերք։ Նա ձին պահեց արտի ծայրին, մասրենու ծաղկած թփի մոտ։ Կռացավ գարու ցողունը պոկելու։ Ձին ետ-ետ քաշվեց, ականջներր խլշեց, թփի մյուս երեսին մի բան շարժվեց: Ոստերն իրար դիպան և սպիտակ վարդի թերթերը օրորալով վայր ընկան։ Մկրտումը ձիուց իջավ։ Մյուս երեսին, թփի ստվերում, քաղհանավորներից մեկի մանուկն էր, փոքրիկ ճոճքի մեջ։ Մանուկը զարթնել էր, տրորում էր աչքերը, ու ճոճքը շարժում էր, ոստերն իրար էին դիպչում և թերթերը թափվում էին։ Մկրտումն ու մանուկը մի վայրկյան իրար նայեցին, մանուկը ժպտաց: Մկրտումն ուզեց կռանալ ու մատը կարմրած թշին դնել, բայց մանկան դեմքից ժպիտն հանկարծ անհայտացավ, երևաց վախի արտահայտություն։ Փոքրիկը տեսել էր ձիու գլուխը՝ Մկրտումի թիկունքի հետև։