Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/476

Այս էջը հաստատված է

Ձին հետքից քաշելով Մկրտումը մոտեցավ քաղհանավորներին։ Շողերը նրանցից բաժանվեց ու մի քանի քայլ արեց դեպի նա։ Թելունց պառավը, որ մինչ այդ պատմում էր ընկերներին իր ամուսնական կյանքից, պատմում էր ու ծիծաղում, ու երբ ծիծաղում էին և աղջիկները, նրանց վրա բարկանում էր ու դեմքին կեղծ լրջություն տալով սաստում, որ չլսեն,− Թելունց պառավն ամենից առաջ տեսավ Մկրտումին։

− Այ դո՜ւ բարով ես եկել... Էս արտը քեզ փեշքե՜շ...− ասաց նա։ Մկրտումը ժպտաց։ Պառավի խոսքին քաղհանավորներից ոմանք ետ նայեցին ու նրան տեսնելով, նորից գլուխները կախեցին։ Մկրտումի աչքին ընկավ և Սալբին, որ արևից ու տաքացած հողից կարմրած, քրտնած երեսը մի վայրկյան միայն շրջեց նրա կողմն ու նորից շարունակեց աշխատանքը։ Գարու կանաչ ցողունները փնջերով դուրս էին գալիս նրա դեյրայի կախ ընկած փեշի տակից, երբ նա մի քայլ առաջ էր անում ու փեշը քաշում։ Կանաչ ցողունների արանքից երևում էր նրա բոբիկ ոտքն ու սպիտակ սրունքը։

− Էն կռացածը Սիմոնի աղջիկը չի՞,− հարցրեց նա կնոջը, այնպես որ Սալբին էլ լսեց։− Ինչ բո՜յ է քաշել մեռածը...

− Մկրտում, ա՜յ Մկրտո՜ւմ... Էսօր էգուց մեռնելու եմ, է՜... Մի երկու արշին քաթան տուր, օմբեքս ծածկեմ։ Տես հա՜, սաղ բաց է,− կանչեց Թելունց պառավը և առանց քաշվելու փեշը վեր բարձրացրեց, ցույց տվեց իր ոսկրացած ու մերկ ազդրերը։ Ոմանք փռթկացին, ոմանք էլ ամոթից մինչև ականջի բլթակները կարմրեցին։

− Ի՞նչ եք հռհռում,– դարձավ պառավը կանանց,− ես պետք է Մկրտումից ամաչե՞մ... Նրա պորտը ե՛ս եմ կտրել...

− Էս քանի օրս Եփրեմը ապրանքի է գնալու. որ բերի, կգաս, կտանես, նա՛նի...− պատասխանեց Մկրտումը։

Ու մտաբերեց դավթարի այն էջը, ուր դեռ անցյալ տարվանից Թելունց պառավի ազգանվան դիմաց գրել էր՝ «շաքար– 1 գրվ. և չայ կապովի– 12 մսխալ, գումարով 36 կոպեկ»։

Ձին նստեց ու մի անգամ էլ աչքով չափեց ծփացող արտը, նայեց է Քառասնաջրի անտառին, որի առաջապահ ծառերը ստվեր էին գցել արտի վրա, մի թևով էլ իջել մինչև տան պարիսպը։ Ձիու վրայից նա տեսավ և Արզումանին՝ քարի գլխին։ Ասես մի սև ամպ երևաց նրա մտքի հորիզոնի վրա։ Նա ձգեց ձիու սանձը և ձին գլուխը թեքեց գյուղի կողմը։