Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/477

Այս էջը հաստատված է


Այդ երեկոն ավելի շուտ մթնեց։ Սևացած ամպերը ծանր վարագույրի պես ծածկեցին երկինքը, սարերը, ձորը լցվեց սև ծխով։ Նախիրը կանուխ իջավ սարից, կիթը մթնով կատարեցին։ Հանկարծ սպիտակ ալավ ընկավ երկնքից, եկեղեցու խաչն ու զանգակները փայլփլեցին, որոտը դղրդաց այնպես, որ դարակներում դարսած պղնձե ամանները զրնգացին: Եվ սկսեց անձրևը, նախ դանդաղ, ծանր կաթիլներով, ապա որպես վարար հեղեղ։

Գվվում էր անտառը, ձորը։ Անձրևի աղմուկի մեջ չէր լսվում Մարցա ջրի վշշոցը։ Երբեմն բացվում էր մի դռնակ և ինչպես բռնկված լուցկի, խավարի մեջ տան աղոտ լույսը փայլում էր ու հանգչում։ Մութի մեջ մարդիկ նովդաններն էին ամրացնում, ջրածակերը կալնում, հավաբունի առաջն աթար դնում,− մի խոսքով կատարում կանխող այն բոլոր գործողությունները, որ տարբեր էին յուրաքանչյուր տան և բակի համար:

Տեր Նորընծան երկար շալն ուսերին ետ ու առաջ էր քայլում նեղլիկ պատշգամբի վրա, երբեմն գլուխը վեր բարձրացնում և սևացած երկնքի վրա փնտրում աստղեր, կամ մոտենում պատշգամբի ճաղերին, ձեռք մեկնում և տեղացող կաթիլներից որոշում անձրևի թափը։

Պատուհանի ճրագը լուսավորում էր պատշգամբը, որի սյուների երկար ստվերներն ընկել էին ծառերի սև սաղարթի վրա։ Հեղեղի ընթացքում փայլատակում էր փայլակը, լսվում էր խուլ որոտ, մի վայրկյան չքանում էր խավարը և սպիտակ լույսի տակ Տեր Նորընծան տեսնում էր քամուց խշշացող ծառերը, դիմացի տան կտուրն ու երդիկին դրած կարմիր կարասը։ Ապա թանձրանում էր խավարը, և ճրագը քահանայի երկար ու թրթռացող, մի քիչ այլանդակ ու սապատավոր ստվերը սյուների արանքից նետում էր մինչև այնտեղ, ուր հալվում էր ճրագի լույսը։

Ներս ու դուրս անող տղամարդ ու կին իրենց բակերից նկատում էին քահանայի վիթխարի ու սև ստվերը։ Ոմանց այդ ստվերը հանգստացնում էր և մեղմում արհավիրքի սարսափը։ Թելունց պառավը, որ մինչև ծնկները վեր քաշած, ծլլացող անձրևի տակ բակում դարսած աթարն էր ծածկի տակ տանում− մի պահ կանգնեց տեղում և երկյուղածությամբ նայեց պատշգամբի ստվերին, թեկուզ սառն անձրևը ծեծում էր բաց կուրծքը։ Ոմանք էլ նույնիսկ դժգոհում էին, որ ծանր ժամին, երբ մեղուներն էլ էին փեթակում հանգիստ բզզում, մի մարդ ապահով անկյունում ետ ու առաջ էր քայլում և դիտում։