Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/482

Այս էջը հաստատված է

էին գյուղի գլխով անցած և իր կյանքում կատարված դեպքերի մասին։ Արդեն խունացած էջերի վրա կարելի էր կարդալ. «1906 ամի եղավ մեծ խռովություն և անասելի տանջմունք։ Մեր քիրվա Սավալանին սպանեցին անիրավությամբ յուրյանց սեփական օթախումն»... Իսկ նրանից անմիջապես հետո «Նարգիզն բուղով եկավ օգոստոսի 15-ին։ Կալամուտն պակաս էր, 37փութ խառն ցորեն, նաև գարի»։ Այդ օրվա հեղեղն էլ էր արդեն նշանակել. «Մայիս ամսվա 3, օրն շաբաթ, լույս կիրակի, քարեկարկուտ մեծ, ազգաբնակության անասելի վնաս: Պտուղքն վնասվեն և մասուլն պակաս լինի»։

Տեր Նորընծան կարդաց գրածը։

− Հա քո ասածն է... Էնքան էլ անիրավը ծաղկել էր։ Թե սալամաթ պրծնեինք, հարյուր բեռը խնձոր հավաքող կլիներ... Դու ասա քամին չկոտրատի թազա տնկած շիվերս...− ու երկնքին նայելուց հետո ասաց − կասես պարզում է, հը՞... Զրիկի գլխին հրեն աստղ է երևում։

Տեր Նորընծան ձեռքը մեկնեց տեղացող կաթիլներին։

− Բարակում է...− ասաց։ Փողոցով բարձրաձայն խոսալով անցան մի քանի հոգի։

− Ունա՜ն,–կանչեց Ավան ամին, ձայնից ճանաչելով,− ի՞նչ արիք... Պրծա՞ք...

− Աչքն էլ չհանեցի՜նք,− պատասխանեց մի երիտասարդ։

− Պրծանք, համա մերն էլ մեզ հասավ... Երկար տախտում մի երկու օրավար գարի ունեմ, հիմա սրբել է տարել,− տխուր ասաց Ունանը։

− Էհ, ես էլ գնամ, տերտեր...

Փողոցում երբեմն երևում էին առվի բանդից վերադարձող խմբեր։ Կերոններում բոցը ծուլ էր լինում, լուսավորում թրջված ու ցեխոտված մարդկանց, բահերը փայլում էին և ապա հանգչում։

Տեր Նորընծան թիկնել էր պատշգամբի սյունին և դիտում էր գյուղի զանազան ծայրերում դողդողալսվ շարժվող կրակները։ Նա հանգստացած շունչ քաշեց. նույնիսկ ժպտաց, ինչպես կժպտար գերդաստանի պապը, հարյուրամյա ծերունին, մահից առաջ թոռների բազմությանը նայելուց։

− Ա հե՜, մեր տերը հրեն զարթուն է հլա,− լսեց մի ձայն։

− Հիմի հալևորը սրտաճաք է եղել։ Վախեցել է որ...− և շարունակությունը չլսվեց։ Քամու հակառակ հոսանքը ետ շպրտեց գյուղացու խոսքերը և քահանան չիմացավ, թե ինչ ասացին։ Մի րոպե հետո մթնում մեկը քա՜հ-քա՜հ ծիծաղեց։ Տեր Նորընծան փշաքաղվեց, սեղմվեց սյունին։ Այդ ծիծաղն էլ, ինչպես և այն բառերը, որ քամին հետ շպրտեց, պղտորեցին նրա մտքերի խաղաղությունը և հին հարցը անբաժան ստվերի պես նորից եկավ: