Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/484

Այս էջը հաստատված է


Ո՞ւմ պիտի մնա տունը... Հեղնարին, իր աղջկանը, իր օրինավոր ժառանգին, անդրանիկ դստերը։ Եվ հայրը հիշեց իր անդամալույծ պառավ աղջկանը, ձեռքը ծուռ, ինչպես չորացած ճյուղը, թույլ աղջկանը, որ ներսի տանն էր ապրում, ցերեկը նստում էր նեղլիկ պատուհանի առաջ և երբ բակում մարդ չէր լինում, դուրս էր գալիս, փայտի վրա հենված, ոտքերը քարշ տալով։ Տեր Նորընծան հիշեց իր աղջկանը, որին իր մտքում ընդունում էր վերուստ ուղարկած պատիժ, ու դեմքը կծկվեց։ Մի՞թե միայն Հեղնարը պիտի մնա...

− Էգուց էս գուլպեքը կհագնես,− ասաց կինը, երբ Տեր Նորընծան մոտեցավ անկողնին։ Քահանան նայեց սպիտակ բրդե գուլպաներին, որ աղավնու թևերի պես ծալած էին իրար վրա։ Նայեց և նրա սրտին իջավ նույն մեղմությունը, որ ուներ առաջ, ջուրը նորից պարզվեց և հաշա ու խաղաղ գլուխն իջեցրեց փափուկ բարձին։ Նրա աչքերի առաջ իր այգու արքայական խնձորենին էր, ծաղկած, ինչպես նորահարսը։

Գիշերվա մթնում Շալուն Սիմոնի տանը տեղի էր ունենում մարդու և պղտոր հեղեղի կոխը։ Ասես զայրացած, որ մարդիկ իր ընթացքը փոխել ու թեքել են գերեզմանատան ձորը,− վերի առվի վտակները գյուղի փողոցներում իրար միանալով, գրոհում էին Ղարիբանոցի կողմը, գետը թափվելու... Ալիքները ծառացան, դիզվեցին իրար վրա, հրեցին և տան կտուրը չոքեց, որովհետև փլվեց փողոցին նայող քարաշար պատի անկյունը։ Արզումանը բանդի մոտ լսեց ծկլթոց, լսեց ու ճանաչեց Սալբու ձայնը։ Նա վազեց, առանց նայելու քար ու փոսի, առանց ուշք դարձնելու գազազած շների հաչոցին։ Այգիների ճանապարհը գետի հուն էր դառել. մի վայրկյան նա կանգնեց, ասես ուզում էր որոշել, թե Մարցա ջուրն իր ընթացքը չի՞ փոխել... Այդտեղ նա մի անգամ էլ լսեց ծանոթ ձայնը... Նրան թվաց, թե կանչում են գետի մեջ խեղդվողները։

Սիմոնը ջրի արագ հորդանալուց հասկացել էր, որ բանդը քանդվել է: Երեխաները քնած էին։ Արթուն էր կինը և աղջիկը... Գրոհն այնպես հանկարծ եղավ։ Ջրի բերանն ընկած մի ծանր քար թափով խփեց պատին, սյուները դողացին. ճրագը հանգավ։ Եվ մութի մեջ հեղեղի վշշոցն ավելի պարզ լսվեց... Սալբին կանչեց, բոլորը վազեցին դեպի երեխաները և պատի ճեղքով ջուրը ներս վազեց։

Երբ Արզումանը մոտեցավ նրանց տանը, նա մութի մեջ ջոկեց երկու կանանց ստվերը, որոնք բարձրանում էին դեպի մարագը։

− Արզումա՜ն,− կանչեց Սիմոնը,– Արզուման... տունս քանդվեց:

− Երեխեքը...

− Տարա՜ն... Երեխոցը տարան... Տունս քանդվեց, Արզուման...