Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/485

Այս էջը հաստատված է

Եվ երկուսով ներս վազեցին: Պատի ճեղքվածքից ջուրը հորդ աղբյուրի նման ներս էր թափվում։ Թոնիրն արդեն լցվել էր: Ջրի ալիքները կույր օձերի նման դեսուդեն էին վազում և լիզում հատակին ընկած իրերը, ասես փնտրում էին լափելու ամենից թանկագինը: Սիմոնը կռացավ գետնից վերցրեց ալյուրի պարկը։ Քիչ էր թացացել. այդ վայրկյանին նա հիշեց այն սալաքարը, որ չորս օր առաջ դրել էր տանը, պարկի տակ։ Մեկը ներս մտավ։

− Ճրագը վառե՜ք,− կանչեց Արզումանը։ Նա կռացել էր և մոքի մեջ փորձում էր ճեղքի հաստոցը որոշել։ Մթնում լուցկին փայլատակեց ու հանգավ:

− Նավթը թափվել է...− Սալբին էր։ Արզումանը լույսի տակ տեսավ նրան։

Կարծես բոյը մինչև օճորքն էր... Երեսն այնպես լուսավո՜ր էր: Գերանների ծայրերը կռացել էին և կախվել։ Մյուս պատն էլ երերաց, կտուրը պիտի նստեր... Քամին էր, թե՞ ծանրությունից էր, գերանները ճռճռում էին, վերից ճլոփ-ճլոփ հող էր թափվում ջրի մեջ։ Սալբին հավաքում էր գետնի թափած իրերը... Ահա պղնձի մեծ գավաթը։ Կուժը չկա...

Արզումանը դուրս վազեց։ Մութի մեջ նա դիպավ Սալբուն: Աղջիկը կռացել էր: Ու բռնեց նրան, բռնեց, որ չընկնի ու չգցի։ Հետո վազեց դեպի մոտիկ մարագը... Տկլո՞ր էր Սալբին, շո՞ր չկար հագին, թե այնքան թրջվել էր, որ շորը չէր շոշափվում։ Խոտի երկու խուրձ թևի տակ նա ներս մտավ։ Ու խուրձը հրեց ճեղքի մեջ։ Մի հոգի ներս եկավ, հետո երկրորդը։

− Նանի, նավթ չկա՞։

− Հը... հատել է՜... Էս ո՞վ է... Հը՞... Արզումա՜ն...– Մեկը դուրս եկավ, երևի գնաց նավթի... Կինն էլ սկսեց փնտրել ջրի երեսին լողացող իրերը... Նրա բռի մեջ լոբու հատիկներ ընկան...

− Աղջի... լոբու պարկը կապած չէ՞ր...

− Հրես պարկը... էս չի՞...− ասաց Սիմոնը։ Կինը ծնկներին խփեց։ Եվ հետո հարցրեց։

−Ձավա՜րը, ձավա՜րը...

− Օջախի քարին է...

− Էս ինչ զուլո՜ւմ էր...− Ով էր ասաց, Սիմո՞նը, թե կինը։ Մեկը խոր հառաչեց, ասես շատ ճանապարհ գնալուց բեզարել էր։

− Էս եղանը դիմհար տու,− կանչեց Արզումանը։ Սալբին մոտեցավ ու բռնեց եղանի կոթից։ Նրա մատները դիպան Արզումանի ձեռքին: