Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/486

Այս էջը հաստատված է


− Էսպես բռնի,− ու թևից քաշելով ձեռքը մոտեցրեց պատի մեջ խրած խուրձին... Կռացավ ու շեմքի սալաքարը պոկեց։

− Հեռու, ոտիդ կընկնի,− Սալբին զգաց, որ կարմրատակում է: Ի՜նչ լավ էր, որ մութն էր տանը։ Դող անցավ մարմնով... Երևի շատ է թրջվել... Շապիկը ծեծում է մեջքն ու կուրծքը, ծեծում է սառնությամբ, իսկ ինքը տաք է, ոտքերն այրվում են։

− Ա խիզան, կաշու ձողը ձեռներդ չընկա՜վ,− հարցրեց Սիմոնը, որ ձեռն ընկածը կախում էր պատի ցցերից, տեղավորում դարակներում և շուտ-շուտ ալյուրի պարկին նայում։

− Դռան վրա եմ գցել...− պատասխանեց Արզումանը։

Այս էլ դուր եկավ Սալբուն. ամոթխած մի զգացում էր այդ, մութի մեջ, երբ պատի այն կողմը թշշում էր հեղեղը և տանը լսելի էր, թե ինչպես քարերը գոռալով իրար են զարկում... Ուրեմն Արզումանն էլ խիզան է, մեր խիզանը, մտածեց Սալբին։ Ժպտաց, ի՜նչ կա որ... Վաղն արև կանի ու կչորանա ամեն ինչ... Նանու լոբիները չեն լինի։ Իսկ այս մարդը, որի տաք շնչառությունն այդքան մոտ է զգում, քրտնած ու թրջված մարմնի հոտը, սապոգների հոտը... Եվ քանի գնում, ավելի շատ է գալիս։ Գալիս է, հոր հետ խոսում, աչքի տակով իրեն նայում։ Ահա... ծունկն է՝ նրա ծունկը։

− Ջուրը բարակում է, հա... Սիմոն ամի... բանդը պրծել են, հրես կհանդարտի,− ասաց Արզումանը։

Ու քիպ մոտեցավ։ Մի ծանր բան իջավ Սալբու ուսին, հաստ մատները սեղմեցին ուսը, թուլացավ ու ձգվեց դեպի քրտնած ու թրջված մարմինը։ Ինքը մոտեցավ, թե՞ իրեն քաշեցին... Խավարն ավելի թանձրացավ. սենյակը գլխին շուռ էր գալիս, ասես հեղեղի բերանն ընկած գնում է... Տանում են։ Հետո տաք շունչը կռացավ այտերի վրա. ականջին մի բառ ասաց և շրթունքները դողացին։

− Էդ ինչ էր,− ասաց մայրը։

− Ոտս սլկաց, քիչ մնաց ընկնեի...− պատասխանեց աղջիկը։

− Դե հիմա էլ փրփրա,− ասաց Արզումանը, հեռանալով պատից,– մի կաթիլ էլ չի կաթում:

Հարևանը ճրագով ներս մտավ։

* * *

Լուսաբացին գյուղն արդեն ոտքի էր: Անձրևը դադարել էր, միայն ծառերի ճյուղերից ու կտուրների գերաններից էր կաթկթում ջուրը։ Փողոցներով հոսում էին բարակ, զուլալ առվակներ, որոնց հատակի