Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/487

Այս էջը հաստատված է


խիճերը մեկ-մեկ կարելի էր համրել։ Հեղեղը վերի թաղում Շուղանց Իսոյի կալատեղն էր քանդել, քարերը գլորել մինչև եկեղեցու գավիթի պատը: Փողոցներում, մի քանի տեղ խորխորատ էր փորել։ Այս ու այնտեղ կիտած էր չոր ճյուղերի ու տերևների կույտ։ Թելունց պառավի երկու հավը չկար, պառավը ծնկներին հարայ տալով բոլորին հավատացնում էր, թե գողացել են, թե ինքը ոտնաձայնին վեր է կացել ու վախից դուռը բաց չի արել։ Լսողները ծիծաղում էին։

− Ա՜յ պառավ... էն սև գիշերը ում դարդն էր քո լղար ճտերդ։

− Ինչ ճուտ... Մինը թխսամեր էր, էն մինն էլ տարին երկու խախալ ձու էր ածում,− ասում էր պառավը, և մարդիկ, որոնք հավաքվել էին կտուրների վրա, և որոնց մեծ մասը գիշերվանից դեռ ոտաբոբիկ էր, փողքերը մինչև ծնկները վեր քաշած, մարդիկ ծիծաղում էին և ավելի չարացնում Թելունց պառավին, որ սպառնում էր տանուտերով, պրիստավով ու դատարանով։

Լույսը չբացված մի քանի հոգի գնացել էին իրենց արտերի ու այգիների տեսության և վերադարձել էին։ Կտուրներին հավաքված մարդկանց խոսակցության նյութը այդ մասին էր։ Ասում էին, որ երկար տախտակների գարիքը թազնել են, և էլ հույս չկա, թե վեր կենան, որ Սուլթանա ծովում ձվի մեծությամբ կարկուտ է եկել, մի նեղ շերտով խփել մինչև սարի սեռը, որ Եզնարածի առուն քանդվել է ու քշել Չանեն ծուռ Ունանի ղորուղը, այնտեղից թափվել Ունանի խամը և փոսերը քարով լցրել։ Այգիներից եկողներն էլ պատմում էին, որ շատ ծառ է ճղակտոր եղել, և իբր Նռանձորում կայծակ է խփել ծառերին։ Բայց ականատեսներից և ոչ մեկը կտուրի վրա չէր. նրանք պատմել էին մեկին, այդ մեկը մյուսին և ամենքն էլ հավատում էին՝ որ այդպես է, մանավանդ նրանք, որոնց արտն ու ղորուղը իբրև թե ամենից շատ էին վնասվել։

− Էդ լինելու բան չի,− ասաց դարբինը,− մենք հո սխտորաշենցի չենք, որ մեր հանդը չիմանանք... Ա խալխը, իսկի կլինի, որ Եզնարածի առուն տրաքի, Չանեն ծուռ Ունանի ղորուղը քանդի, էնտեղից էլ տա Ունանի խամին... Առո՜ւն ուր, ղորուղն ուր...

− Է՜հ... սարսաղ սարսաղ դուրս է տալիս,− վրա պրծավ մի ալևոր,– բա չի՜ լինի...

− Այ ալևոր, բա էդ լինելու բան է՞... Ջուրը թև՞ ունի, թե երկնքի ղուշ է, որ էն եքքա սարը բարձրանա։

− Բա հասնիլ չի՜... Զոռեց, կհասնի էլի... Ջրին ի՞նչ կա...