Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/488

Այս էջը հաստատված է

− Իմ խելքն էլ չի կտրում, որ հասնի,− ասաց մի ուրիշը,− գնացողը մեր Սողոմոնը չի... Մերը չմեռածի սուտը շատ է, քան ղորթը...

Եվ վեճը շարունակվում էր... Նոր լուրեր էին բերում, որ Նռանձորում կայծակ չի խփել։ Ոմանք նույնիսկ ասում էին, որ այնտեղ անձրև էլ չի եկել։ Հեղեղի վնասներն ավելի ճիշտ ու մանրամասն էր պարզում յուրաքանչյուրն իրեն տան, բակի, այգու և բոստանի համար, երբեմն հետաքրքրվելով հարևանի վնասով։ Կային, որ չար նախանձով էին նայում կողքի արտին, որ պատահմամբ ավելի քիչ էր վնասվել: Սակայն եթե քիչ էին նրանք, որոնք չար նախանձով էին նայում հարևանի պակաս վնասին և կամ ընդհակառակը ներքուստ հրճվում, երբ տեսնում էին, որ հեղեղն իր արտի կողքով անցել է և հարևանի արտը թաղել ավազի ու տիղմի հաստ շերտի տակ, − եթե քիչ էին այդպիսինները,− մեծամասնությունը, ավելի ճիշտ բոլորը, իրենց վնասի մասին պատմելուց ավելացնում էին, մեկը տասը շինում և հայտնում, որ գյուղում նրա չափ ոչ ոք չի տուժել։

Ավան ամին այգիներում էր։ Շաղաթաթախ, տրեխներն ու գուլպաները թրջված, չուխայի ծայրերը գոտկում խրած, այդ մարդը այգիների ծանոթ կածաններով գնում էր, վեր նայում՝ ծաղիկների փնջերին ու կեռասի կանաչ գնդիկներին, գետնին նայում, որ տեղ-տեղ ծածկված էր կանաչ տերևներով, ձեռքով տնտղում, շտկում նոր ընկած շիվը, ստուգում՝ չի՞ ջարդվել պատվաստը։ Կարմրաքարում միայն նա ճիշտ հաշիվ կարող էր տալ, թե ինչքան են վնասվել գյուղի այգիները։ Եվ քանի հեռանում էր, այնքան վնասվածն ավելի քիչ էր. կարծես հեղեղը թափվել էր միայն գյուղի գլխին:

Լուսաբացին Քառասնաջրի ուղղությամբ գնացողները ջրամբարտակի մոտ տեսան Մկրտումին. կանգնել էր քարի գլխին ծիլավոր յափնջու մեջ կոլոլված և ինչպես ցինն է նայում վերից վար ու հետևում որսին, այնպես էլ նա նայում էր Քառասնաջրի պղտոր ալիքներին, որ թոփով գալիս էին, ամբարտակին չհասած հանդարտվում, լճանում և ապա դեղնավուն փրփուրով թափվում ցած։ Գիշերով մի քանի անգամ էր եկել։ Մի անգամ անձրևի վարար ժամանակ նա Գոդուն իջեցրել էր ներքև ստուգելու հո չի՞ քանդվել ամբարտակը։ Ամեն անգամ վերադարձել էր ուրախ, սակայն հենց սանդուղքի գլխին մի կասկած փշի պես ծակել էր միտքը, չլինի՞ մի բան պատահի, հազար շառ ու դուշման, գան... Հը՞... Եվ նորից էր վերադարձել։

Մկրտումը քարի գլխից նայում էր ցած և անհամբեր սպասում, թե երբ պիտի երևա ամբարտակի պատը... Ջուրը ամբարտակի մեջտեղից,