Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/489

Այս էջը հաստատված է

շյուզի համար թողած բացվածքով ահռելի շառաչով ցած էր թափվում: Ջուրն այնքան շատ էր, որ այդ բացվածքը հերիք չէր անում ու թափվում էր պատերի վրայով։ Մկրտումը նայում էր համառ ու շեշտակի, նայում էր ջրի ընթացքին, ասես ուզում էր հանդարտեր նրա թափը։ Եվ ինչքան բարակում էր, ջրի տակից դուրս էին ցցվում ամբարտակի սպիտակ քարերը, այնքան էլ նրա դեմքի լարվածությունը մեղմանում էր, մկանները թուլանում էին։ Դիմացի քարափի կրաքարը ապակու պես շողշողաց... Նրա փայլն ընկավ ջրի մեջ, պղտոր ջրի մթությունը կորավ, ջուրը դարձավ դեղին, Մկրտումը ժպտաց։ Մանր վտակները չքացան և ջուրը խոնարհ գառան պես ընկավ շյուզի բացվածքը։

Ամբարտակը դիմացել էր. այդ էր ասում նրա հաստ և բարձր պատը, որ բազկի պես այս ափից մյուսն էր մեկնված։ Ջրի տակից դուրս եկած քարերն ու կրածեփ պատերը պսպղում էին ճարպոտ փայլով։ Մկրտումը վայր իջավ, կանգնեց պատի գլխին ու նայեց ջրվեժի ցնցուղներին։ Ու նոր միայն զգաց, որ արևի սպիտակ սկավառակը արդեն բարձրացել է։ Գոլորշի էր ելնում յափնջուց... Մկրտումը նայեց ջրին, մեկ էլ վեր բարձրացավ... Ներքևում գյուղն էր։ Գոլորշին խառնվել էր կապույտ ծխի հետ։ Եվ այդ քողի հետևից երևում էին կանայք, որոնք արևի տակ փռում էին կարպետ ու վերմակ, երեխաները կտուրների վրա վազվզում էին... Տղամարդիկ չէին երևում։ Մի կին վազում էր պոչը ցցած ու կետ անող հորթի հետևից։

Մկրտումի նինջն եկավ... Հոգնել էր։ Ու թիկնեց քարին, յափնջու մեջ կոլոլվելով։ Ինչ լավ է՜ աշխարհը... Կարմրաքարը։ Եվ ինչքան բան կա դեռ անելու այնտեղ... Մկրտումը հիշեց այն, որ գյուղում իրեն ու իրենց տունը չեն սիրում, թեկուզ երեսին չեն ասում... Վախում են, հը՞,− մտածեց նա ու ձեռքը յափնջու տակից հանեց... Արևի շողերը խաղացին նրա կարճ ու մազոտ մատների հետ։− Փողը, հը՞,— հարցրեց ու բուռը սեղմեց, ասես արևի շողերը ոսկի էին թափել բռան մեջ։

− Անհասկ մարդիկ... Ես ձեզ ի՞նչ եմ արել... Սպասեք մի քիչ էլ... կտեսնեք, թե ես ինչ կանեմ, ես Մկրտում Խոջա-Հիբանի տղան... Ինչ կանե՜մ...

Թեկուզ հեղեղը վնասել էր գյուղին և մարդիկ դառնացած էին այդ առավոտ,− բայց և այնպես արևի ելքը, նրա առատ ջերմությունն ու փայլը մոռացնել տվավ գիշերվա սարսափը։ Փայլում էր ամեն ինչ. եկեղեցու պղնձյա խաչին նայել չի լինում և երբ սարյակները թռչում էին, որ նստեն նրա թևերին, թվում էր, թե ընկնում էին կրակի մեջ։ Տեր Նորընծան սովորականից կանուխ էր զարթնել։ Բաց արել երազահանը