Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/491

Այս էջը հաստատված է

Տներից, բակերից դուրս էին գալիս տղամարդիկ, կանայք: Երեխաները նրանցից առաջ էին վազում։ Գյուղը մրջնոցի նման իրար էր խառնվել, բոլորը շտապում էին դեպի փողոցը, ոմանք բարձրանում էին կտուրը և ձեռքները ճակատին դրած նայում հեռուն, ուր մի բան սևին էր տալիս։ Երևում էին երկու ձիավոր, որոնցից մեկը առաջ էր ընկնում, երբեմն էլ ձիու գլուխը ետ դարձնում... Մեկն ասում էր, թե վերի գյուղի համար են գալիս, մյուսը՝ թե երևի ձիավոր զորքը պիտի սարը բարձրանա, որովհետև նրա լսածով քաղաքում խոտ չի ճարվում։ Արզումանը խոր նայելուց հետո, բարձր ծիծաղեց...

− Այ խամ հեյվան... Էն հո մեր խազեյինանց ստրումենտն են բերում... Պիլնու համար...

− Ա հե՜... սրա ասածը կլի հև՞,− ասաց մեկը։

− Ղազախն էստեղ ինչու՞ պիտի՛, ի՞նչ բան ունի...

− Կարելի է՜... Սպասի տեսնենք... Հրեն գլուխը հասավ Լուս Խաչերին...

− Էն առաջինն էլ Եփրեմն է... Ես ձի քշելուցն եմ իմանում,– ասաց Արզումանը... Ու մյուսն ավելացրեց.− հրեն հա՞, կարմիր մադյանն է էլի... Ես չեմ ճանաչու՞մ նրանց մադյանը... Եվ սկսեցին ծիծաղել ղազախների գալու լուրը տարածողների վրա։

− Ա դե եսիմ է՜... Բռիցս հոտ չեմ արել, որ իմանամ... Ինձ էլ Մուքելի տղան ասաց...

− Ես էլ կտրանը կանգնած էի, ականջովս ընկավ...

− Առաջինը Թելունց պառավն ասեց...

− Էնենց է ասել, որ հավերը ճարի...

Ու ծիծաղն ավելի թնդաց։ Թեկուզ արդեն համոզվում էին, որ եկողները կոզակներ չեն, դարձյալ չէին ուզում ցրվել։ Հավաքվել էին խումբ-խումբ, տղամարդիկ ջոկ, կին ու աղջիկ՝ ջոկ։ Շատերը գրկել էին մանուկներին։ Ու միայն երեխաներն էին, որ այս խմբից այն խումբն էին անցնում, վազում շարքերի արանքով։

− Ա թուլա, դե դադար կաց է՜,− ասաց մի ալևոր, որին մի երեխա հրեց ու ձեռքի թութունից մի քիչ թափեց։ Երեխան վազեց ու բազմության մեջ գտավ մորը։

− Ինչ խաչը ջուրը գցելու ժողովուրդ կա,− ասաց մեկը։

− Հավատաս, որ ջրօրհնեքին էլ էսքան մարդ չի հավաքվի... Հրեն հա՜... Քաչալ Սային էլ է եկել...

Քաչալ Սային մի կույր ծերունի էր, որ կամ իր բոստանի շվաքում