Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/493

Այս էջը հաստատված է

Նա նստել էր ձիուն այնպես, ասես պարաններով կապկպած էր։ Գլուխը մազաչափ անգամ աջ ու ձախ չէր դարձնում։ Կարծես գյուղի փողոցը նույն ձանձրալի ճանապարհի շարունակությունն էր, որով եկել էր նա մի օր շարունակ։ Այդ ձիավորը գերմանացի էր, ներկայացուցիչն այն ֆիրմայի, որ փայտամշակման գործիքներ ու ստանոկներ էր մատակարարում ռուսական առևտրական տներին ու ստանոկների հետ միասին էլ առևտրական տների տրամադրության տակ ուղարկում իր վարպետներին, որոնք պիտի սարքեին սղոցարանները և սարքած հանձնեին տերերին։ Իր կյանքում նա շատ տեղեր էր ման եկել և ամեն տեղ էլ տեսել նույն հետամնաց ու կիսավայրենի վիճակով մարդիկ և եկել այն համոզման, որ աշխարհի աչքը՝ իր հայրենիքն է, որ մյուս երկրներին մատակարարում է բազմաթիվ մեքենաներ և իրեն նման մարդիկ, որոնք մեքենայի մի մասն էին։ Նա գլուխը չթեքեց նայելու ոչ Կարմրաքարի եկեղեցուն, ոչ այն քարաշեն տներին, որ խմբված էին հին եկեղեցու շուրջը։ Նա տեսել էր այդ մի անգամ և համոզվել, որ ինչքան էլ գնար այդ երկրում, պիտի տեսնի նույնը՝ սարեր, ձոր ու անտառ, ջրեր,− որոնց ուժով քանի՜ սղոցարան կբանեին, և մարդկանց՝ խեղճ, ռամիկ, մի քիչ էլ խորամանկ մարդկանց։

Աջ ու ձախ կանգնած ամբոխը զանազան նկատողություններ էր անում «Կրիբալդու» մասին, բայց հենց նա մոտենում էր թե չէ, խոսողները լռում էին և պլշած աչքերով նայում տարօրինակ կոշիկներին, գլխարկին և կաշվե պայուսակին, որ մեջքին էր կապել և ոչ թե ձիու թամբին։ Այս էլ սրախոսության նյութ դարձավ կտուրի վրա կանգնած տղամարդկանց համար։ Բայց հենց այն ժամանակ, երբ մեկն ակնարկ էր անում Խոջա-Նասրեդինի և էշի փալանի պատմությանը, «Կրիբալդին» հանկարծ ձիու գլուխը բռնեց և վեր հանեց իր գլխարկը, ճոճելով Արզումանի կողմը։

Կտուրի վրայից Արզումանը նրան ասել էր «գուտտեն մորգն»... Գերմանացին անչափ ուրախությունից գլխարկը հանել էր։

Նա գերմաներեն մի քանի խոսք ասաց, սակայն համոզվելով, որ կտուրի վրայի մարդն ավելին չգիտե, գլխարկը նորից հագավ ու սանձը բաց թողեց։ Բայց և այնպես այդ խոսքն էլ նրան դուր եկավ։

− Մալադեց, Արզուման...

− Արզումանը լեմսի լեզու է խոսում...

Եվ շշուկը տարածվեց, հասավ մինչև կանանց բազմությանը ու գունավոր շորերի, թաշկինակների ծովի մեջ մի դեմք վարդագույն դարձավ, գլուխը խոնարհեց։ Քանի՜ անգամ նրա անունը տվին ու մատով ցույց