Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/495

Այս էջը հաստատված է

− Չէ՜... Կարմրաքարն էլ լուսավորվեց... Զավոդ բերին Հիբանի տղերքը...

− Բալադ մեռնի, փո՜ղ... Տես ինչը որտեղ դուրս բերեց... Չորս ձիանի փրգոնը Կարմրաքար հասնի՜... Որ աչքովս էլ տեսնայի, էլի կասեի սա մեր գեղը չի,− վրա բերեց Ունանը, որ ցաքանը ձեռին այգուց եկել էր մի կապ ցախ թևի տակ։

− Հմի կհավատա՞ս։

− Էլ չեմ հավատում...− տխուր ասաց Ունանը։ Ասաց և հառաչեց, կարծես խոստովանեց մի դառն ճշմարտություն, որ ակնհայտ էր գարնան արևի նման, որի շողերն անտարբեր խաղում էին և պղնձե խաչի և փայլուն թիթեղների հետ։

Հաղթական երթի նման էր ֆուրգոնների անցնելը։ Գեր ձիերը, նրանց նոր սարքը, արծաթ կոճակները, որ շարված էին սարքի կաշիների վրա, ձիերի վզից կախած գունավոր փնջերն ու զանգուլակները, որ ավելի զորեղ էին հնչում, երբ ձիերը ուժ էին անում ֆուրգոնը քաշելու, վերջապես ֆուրգոնների տեսքը, նրանց վրա դարսած իրերը, որոնք ֆուրգոնի նման նոր էին, առաջից գնացող ձիավորները,− այս ամենը մայիսյան արևի տակ փայլփլում էին, շլացնում և հաղթական երթի նմանություն տալիս։ Արզումանը նայում էր ֆուրգոնների շարքին. նա մտքում ասաց. «Հիբանի տտղորց աբոզը»: Մանյովրի ժամանակ այդպես էին նրանք մտնում անծանոթ ավաններն ու քաղաքները։ Եվ ժողովուրդը շարք կազմած թամաշա էր անում։ Իսկ զինվորները, մանավանդ ձիավորներն ավելի զիլ էին երգում գյուղը մտնելիս։ Ինչ «հրեշտակներ» կային...

− Օհո՜... Խրվեց... Նու՜...− լսվեց մի խուլ աղաղակ։ Ոմանք կտուրներից թռան և առաջ վազեցին։ Առաջին ֆուրգոնի շուրջը խմբվել էր բազմություն։ Խանութից քիչ ներքև, ճանապարհի այն տեղը, ուր տարին բոլոր ցեխը չէր չորանում, որովհետև գետինը ջուր էր դուրս գցում, ինչպես հիվանդ ու միշտ ճպռոտ աչքը,– ֆուրգոնի առաջին անիվը մինչև սռնակը խրվել էր։

− Նու՜... Ե՜...− կանչում էր ֆուրգոնչին, մտրակն օձի նման պտտացնում և շրափ իջեցնում միջի ձիերի գավակին։ Ձիերն ուժ էին տալիս այնքան, որ պոստրոմկաների հետ միասին ասես իրենց ջլերը պիտի կտրատեին, ուժ էին անում, դեսուդեն ծռվում և չէին կարողանում մի քիչ էլ առաջ անել։

− Սրան փոսի ցեխ կասեն է՜... Շատ նու մի անի... Ձիերը մեղք են,− ասաց մեկը։