Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/496

Այս էջը հաստատված է

− Սիմո՛ն, Արտե՛մ... Մոտեցեք է՜...— կանչեց Ունանը,— բա էս ղարիբ մարդիկն ի՞նչ կասեն։ Արզուման, առաջ ընկի...

Երիտասարդները կարծես այդ խոսքին էին սպասում: Մինչ այդ նրանք վարանած կանգնել էին ու չգիտեին մոտենա՞լ թե ոչ: Արզումանն առաջ քաշեց:

− Ձիերի գլուխը պահի,− ասաց նա ֆուրգոնչուն և ուսը դեմ տվեց:

− Հը՜...− և բազմաթիվ ձեռքեր հրեցին ֆուրգոնն ու անիվները: Կաս-կարմիր էին կտրել նրանց դեմքերը։ Սալբին գաղտագողի դիտում էր։ Նրա սիրտը թրթռում էր։ Հանկարծ ֆուրգոնը շարժվի՜, հետի անիվը վրան գլորվի... Շուռ չգա՜,− ասաց մի կին։ Աղջկա սիրտը ավելի արագ բաբախեց։ Այդ րոպեին երիտասարդների խմբի մեջ նա տեսնում էր միայն Արզումանին, նրա թիկունքը և աղեղի պես ձգված ոտքը։

− Նու՜,− և ձիերը դուրս քաշեցին ֆուրգոնը։ Օգնողները ետ փախան: Միայն մեկի գլխարկն ընկավ անիվի տակ ու խոր թաղվեց ցեխի մեջ:

Ֆուրգոններն անցան:

* * *

Խանութի դիմաց, փոքրիկ հրապարակում շարժվելու տեղ չկար: Շարեշար կապած ձիերը փռնչացնելով ուտում էին հարդախառն գարին, երբեմն էլ մռութով փորփրում լայն տոպրակները և հարդը թափում ոտների տակ։ Ֆուրգոնների վրա մուշտակների վրա կոլոլված պառկել էին հոգնած տերերը, որոնցից մեկը երբեմն գլուխը վեր էր հանում «նու՜» ասում ուտելիս իրար հետ կռվող ձիերին և նորից գլուխը դնում հարդի տոպրակին։

Ֆուրգոններից քիչ հեռու դարսված էր ապրանքը։ Ինչեր չկա՜ր... Արկղներ, երկաթալարի կապեր, հաստ մեխերի կիտուկներ, թիթեղ, բարակ ռելսեր, վագոնետների երկաթե մասեր: Մեծ ստանոկը հինգ-վեց մարդու օգնությամբ իջեցրել էին և դրել խանութի դռանը: Ձողերը հենել էին խանութի պատին:

Տղամարդկանց մի բազմություն նայում էր յուրաքանչյուր իրը, տեղեկանում, թե ինչու համար է, ինչ գործ պիտի անի: Եվ հակասական բաներ էին ասում: Ոմանց ասելով վագոնետները պիտի փայտը սղոցեն, երկար ձողերը կամուրջի համար են, որի վրայով գերանները պիտի քարշ տան։ Իսկ երեխաների խումբը չէր հեռանում վագոնետների մոտից: