Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/497

Այս էջը հաստատված է


«Ի՜նչ կգլորվի գերեզմանատան բլուրից...», «Իշու արաբա է», ասում էին նրանք։ Կանայք հեռվից էին նայում կամ փողոցով անցկենալիս քայլերը դանդաղեցնում, որ մի քիչ ավելին տեսնեն։ Հարս ու աղջիկ իրենց տների առաջ փոքրիկ խմբերով կանգնած սպասում էին, որ երեխաներից մեկն ու մեկը գա և նրանից տեղեկանան, թե ինչ «մաշիններ» կան արկղների մեջ, ճի՞շտ է՝ որ երկար ձողերով հոր են քանդելու, ինչպես ասում էր Շուղանց հարսը։ Եվ երեխաներն ինչպիսի՜ առասպելներ էին պատմում...

Թոռան ուսից բռնած, մահակը գետնին տափտափելով երեկոյան դեմ եկավ և կույր Սային։ Ոմանք ծիծաղեցին նրա վրա, ինչ պիտի տեսներ նա, մյուսները սաստեցին ծիծաղողներին և ետ-ետ քաշվելով ճանապարհ բաց արին։ Կույրը մոտեցավ, փայտն առջևն օրորելով, դիպավ ծանր պտուտակներին, կռացավ, սկսեց շոշափել։ Ապա մոտեցավ վագոնետներին։

− Սայի դայի... Մեծ մաշինը հրեն դուքանի առաջը...− ասաց մեկը։ Ծերունին ու թոռը շրջվեցին այն կողմը։ Ստանոկն արդեն բաց էին արել։ Արևամուտի լույսի տակ պողպատի գորշ փայլով շողշողում էին նրա ողորկ լանջն ու ծանր ոտքերը։ Ծերունին գրկեց, ականջը կախեց, ասես լսում էր, և բոլոր մասերը շոշափելուց հետո, տեղում ձգվեց:

− Մկրտու՜մ...

− Ի՞նչ է, Սայի ամի,− պատասխանեց Մկրտումը խանութից։

− Էլ հունար ունե՞ս, թե էս է... Բե՛ր էն էլ տեսնեմ։ Հոգի ունեմ տալու։ Գնալու եմ։ Հիբանը հարցմունք է անելու, թե ի՞նչ տեսար ինձանից հետո։− Ու քիչ անց հարցրեց.− սաս չունի՞ սրան...

− Ունի, Սայի ամի, որ սարքենք, կլսես...

− Էդ էլ լսե՜մ...− ու դարձավ թոռանը.– Գնանք, բալաս... Տավարի գալու վախտն է։

Եվ փայտը գետնին խփելով ծերունին հեռացավ։ Կանգնածները լուռ նայեցին նրա հետևից։

Մինչև մութն ընկնելը մարդիկ չէին հեռանում խանութի մոտից։ Երեխաները, անսալով ծնողների կանչին, ֆուրգոնի ձիերի սանձից բռնած ութ-տասը հոգով, ձիերը տանում էին ջրելու։ Ինչ հպարտությամբ էր քայլում սանձ բռնողը, իսկ մյուսները ետ ու առաջ էին վազում, զմայլանքով ձիերի փնջերն ու զանգուլակները նայում։ Նրանք երբեք այդպիսի գեղեցիկ ձիեր չէին տեսել։

Գիշերով նրանց տանը հավաքվել էին տասը-տասնհինգ հոգի։ Ֆուրգոնչիներն էին, գերմանացին, պամոշնիկ Անտոնը, ուստան, Գըդլ-Պուղին,