Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/499

Այս էջը հաստատված է



Գոդին յոթ-ութ տարի էր, որ նրանց տան մշտական ծառան էր։ Նրա չեչոտ անմազ երեսին նայողը դժվար կորոշեր տարիքը։ Վանող մի արտահայտություն կար նրա աչքերում։ «Լորդուն ինչքան էլ վնասատու չի, բայց էլի կերպարանքն օձի է», ասել էր նրա մասին Ավան ամին։ Եթե գյուղում մեկի շունը օր ցերեկով գետնին զարկեր իրեն, գետինը չանգռեր, փսխեր և շնչահեղձ լիներ, պիտի ասեին, որ Գոդին է ասեղ տվել։ Բայց մի քանիսն էլ ուրիշ կարծիքի էին՝ որ նա խեղճ է, վախկոտ, «աստծու թակածը»։ Համենայն դեպս նա Կարմրաքարի առեղծվածներից մինն էր։ Եվ ինչեր չէին ասում... իբր թե, ինչպես ասում էին պառավներից մի քանիսը, Գոդու աչքերը հետևն էլ են տեսնում և դրա համար էլ վախենում էին ափաշկարա նրա հետևից չանչ անել։ Նա կարմրաքարցի չէր և այդ շրջանիցն էլ չէր։ Տեր Նորընծան հաստատում էր, որ նրա «գրոց անունը» Գեդեոն է։ Մի քանի անգամ հարցրել էին նրան այդ մասին, Գոդին ուսերը թոթվել էր և ծիծաղել սառն ու չար ծիծաղով։ Նրա մասին հաստատը հետևյալն էր՝ նա օձ էր որսում, կարողանում էր առանց վախի ձեռք տալ նույնիսկ թունավոր օձին և ապա՝ սուլում էր այնքան հիանալի, որ ոչ մի հովիվ սրնգով նրան չէր հասնի։ Եվ երբ գիշերները նրա սուլոցն էին լսում՝ խեղճ, սիրտ կտրտող երգը, ասում էին, որ Գոդին «աստծո թակածն է»։

Գյուղը քնել էր ու միայն Հիբանի տանն էր աղմուկ, ծափ, հռհռոց։ Խանութի մոտ, կրակի առաջ Գոդին նստել էր ու ննջում էր։ Մկրտումի ոտնաձայնից վեր թռավ։

− Հը՞... հո սովել չես,– ասաց Մկրտումը,− առ։

− Մարդ-մուրդ հո չի՞ երևացել,− հարցրեց։

− Չէ... Համա խոսում էին Բոլոր-քարի մոտ,− ասաց Գոդին։

− Ո՞վ էր...

− Ավան ամին էր, Չետանց Ունանը, Արզումանը...

− Հը՞։

− Ավան ամին ասում էր, թե սրա վերջը լավ չի լինելու։ Ժողովրդական հողում բերես զավոդ սարքես, առանցի մի թույլտվության, մի թղթի− չի կարելի... Ասում է ջամահաթի որոշը պիտի լինի, թե չէ զակոնին անուն− դանակ է...

− Հետո՞...− անհամբեր հարցրեց Մկրտումը։

− Ասում է ժողովուրդով պետք է միրսկի տանք, թող Քառասնաջուրը խազնեն մեզ ծախի...

Մկրտումը քահ-քահ ծիծաղեց, գարու տոպրակի վրա կռացած ձիերը ականջները խլշեցին և մի պահ չծամեցին։