Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/5

Այս էջը հաստատված է

Լոր գյուղի դպրոցում նրանից առաջ ուսուցիչ էր եղել բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը, որի բացած ճանապարհով Ա. Բակունցը լուսավորության հունդեր էր ցանում գեղջուկ երեխաների հոգիներում։

Ձորերի մեջ ծվարած Լոր գյուղակը,—ինչպես խոստովանել է Բակունցը,—վիթխարի և վճռական դեր է խաղացել նրա գրական կենսագրության մեջ՝ գյուղական կյանքի և գեղջկական հոգեբանության ճանաչողաթյան առումով։

Բակունցի կյանքի ետճեմարանական շրջանը չափազանց ուշագրավ է ազգային փրկության շարժումներին ակտիվ մասնակցություն բերելու փաստերով։ Ազատագրական պայքարի ռոմանտիկական պատրանքներով վառված պատանիների մեջ էր նաև Ակսել Բակունցը, որը 1917 թվականի ձմռանը հասնում է մինչև Էրզրում, իսկ այնուհետև մասնակցում է Կարսի, Մամախաթունի, Սարդարաբադի ճակատամարտերին։

Պատերազմական իրադրությունը առաջին խոր ճեղքվածքը բացեց Բակունցի հոգեկան աշխարհում և նրան թելադրեց ավելի զգաստ հայացքով նայելու անցուդարձին։ Այդ օրերի անմիջական տպավորություններով գրած ակնարկներում («Անտառում», «Աշոտը», «Աղոթքը» և այլն) Բակունցը թեև խեթ հայացքով է գնահատում անառագաստ շարժումները («Մենք վերադարձանք այդ ճամփաները նզովելով, այդ ճամփաները, որ հազար-հազար մատաղ կյանք լափեցին»), սակայն վերին հուսահատության պահերին իսկ պահպանում է հավատը ազգային զարթոնքի՝ սպասվող նոր կյանքի հանդեպ։

«Ինքնակենսագրության» մեջ Բակունցը կատարել է նաև հետևյալ հղումները. «18—19-ին՝ Երևանում սրբագրիչ և ռեպորտյոր։

1919—20 թվի հունիսը՝ ուսանող պոլիտեխնիկումի։ 20—23՝ ուսանող Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի։ 1923-ից հետո՝ ագրոնոմ»։

Խարկովից վերադառնալով Հայաստան, Բակունցը մի կարճ ժամանակ աշխատում է Երևանի սերմնաբուծարանում՝ անվանի սելեկցիոներ–գիտնական Միքայել Թումանյանի ղեկավարությամբ, այնուհետև դառնում է «թափառական» գյուղատնտես Զանգեզուրի գավառում (1924—26)։

Բակունցի Երկերի չորսհատորյակի չորրորդ հատորում (1984) տպագրված է գյուղատնտեսական գործունեությունը մեկնաբանող մեծաքանակ նյութ՝ պաշտոնական գրություններ, զեկուցումներ, ագրոզրույցներ, թղթակցություններ, հոդվածներ, նոթեր և այլն, որոնք վկայում են Բակունցի բացառիկ նվիրումը հայ գյուղի սոցիալական զարգացմանը։ Լինելով 20-ական թվականների հայ իրականության ռոմանտիկ կառուցողներից մեկը, Բակունցը ջանք չէր խնայում գյուղատնտեսական գիտությունները