Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/500

Այս էջը հաստատված է

− Քառասնաջուրը...− Ու կամաց հարցրեց.– հա քեզ չտեսան...

− Չէ...

− Լավ։ Դե մղայիթ կաց։ Ֆուրգոնչիները մի քիչ քեֆով են։ Ուշքդ վրադ պահի, քնով չանցնես,− ասաց Մկրտումը և շրջվեց տան կողմը։ Նա մի քանի քայլ էր արել, երբ Գոդին հետևից կամացուկ ասաց։

− Մկրտում ափի...− Մկրտումը ետ նայեց։− Բա մեր բանը ե՞րբ պիտի գլուխ բերես։ Ախր վախտ է անց կենում... Վախենում եմ, որ...

− Ինչը՞:

− Էն էլի, որ քեզ գոմումն ասի...

Մկրտումը ծիծաղեց։

− Չես դիմանում հը՞... Լավ, իրիկունս անպատճառ կասեմ։ Սիմոնին էլ, մորն էլ։ Իմ հոգուս պարտքը։ Էս անտերը մի խոտ գցենք։ Հարսանիքդ ալբահալը գլուխ բերեմ։ Մի հարսանիք անեմ որ...

Եվ գնաց։ Գոդին ժպիտն երեսին դեռ երկար ժամանակ նայում էր մութին և լսում հետզհետե հանգչող ոտնաձայնը։

5

Փոշին հասա շերտով նստել էր ճանապարհի եզրին բուսած արևածաղկի թերթերի ու կարտոֆիլի թփերի վրա, առուն բարակել էր և օձանման պտույտներով բակերն էր մտնում, շտապ կտրում փողոցի լայնքը և արևի տապից փախչելով, իջնում բանջարանոցները, ուր արևածաղիկն ու եգիպտացորենը բարդիների պես ստվեր էին գցում առվակի վրա։

Գյուղի փողոցներում անց ու դարձը դադարել էր, բակերում մարդ չէր երևում։ Միայն Բոլոր-քարի մոտ աշխատանքի անընդունակ երկու ծերունի, որպես լուծից բեզարած եզներ, նստել էին, ջրակալած աչքերը հառել առվակին։ Ով գիտե ինչ էին մտաբերում ծերերը վազող ջրին նայելիս։ Երիտասարդ օրերի կարո՞տն էին քաշում, երբ ամառվա տապին հանդից տուն չէին գալիս և քնում էին թարմ խոտի վրա՝ երեսն աստղկա երկնքին, թե՞ հաշտ էին և դատապարտվածի նման սպասում էին անողոքին, որ պիտի գար և ուշանում էր։ Գուցե և ոչ մի միտք պտույտ չէր անում նրանց ուղեղում, ինչպես կամնը կալում և հենց այնպես նստել էին՝ քարացած, իբրև արձան, իբրև Բոլոր-քարի մի մասը։

Նրանց դիմաց, կիսաքանդ մարագի ստվերում, երկու հորթ ականջներն էին շարժում և որոճում։ Եկեղեցու գավթում հոտից ետ մնացած ոչխարը, որի դմակը փաթաթված էր թաղիքի մեջ, պոկոտում էր պատերի տակ բուսած չոր խոտը։ Գայլը ցրիվ էր տվել դմակը, տերը փաթաթել