Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/502

Այս էջը հաստատված է

շարժվում էր, վզզում, զրնգում այն ջրով, որ ամբարտակի բարձրությունից թափվում էր մեծ անիվի վրա։ Ինչքան մոտենում էին ստանոկին, այնքան պտուտակներն ավելի արագ էին դառնում և մեծ անիվի ծանր պտույտը և փոկերը հարյուրապատիկ արագ թափ էին հաղորդում վերջին պտուտակին։ Հերիք էր շլյուզի փականն իջեցնել, որ նույն վայրկյանում դադար առնեին փոկերը, պտուտակներն ու անիվները և սղոցները մնային գերանի մեջ խրված, ինչպես թափով նետած սկավառակ:

Գերմանացին գնացել էր, պատմությունների և հիշողությունների մի շարան թողնելով գյուղում։ Նրա մասին պատմելուց և՛ ծիծաղում էին, և՛ զարմանք արտահայտում։ Եթե սղոցները չզրնգային, գուցե կասկածող լիներ, որ նա ամենևին Կարմրաքար չի եկել։ Եվ այն ինչ ասում էին, թե թութուն էր ծամում, չարանալուց թքոտում, ոտը գետնովը տալիս, թե նա մշակների ներկայությամբ նույնիսկ Մկրտումի վրա էր չարացել, «տուռակ» անվանել, որովհետև քանդել էր տվել ստանոկը, մաս-մաս Քառասնաջուր տեղափոխելու համար։ Ըմբովի Թյունու բեղը կտրելու պահանջը,– ահա այսպիսի պատմությունները հավատալի էին դառնում, երբ մարդիկ տեսնում էին նրա «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան։

Բայց ինչ կարծիք էլ հայտնեին, ինչքան էլ զարմանային նրա հնարագիտության վրա, այնուամենայնիվ «Լեմսը» պարզամիտ և համարձակ մարդու համբավ էր թողել։ «Զհինով մարդ էր, համա հալալ կաթնակեր էր»,− այս էր գյուղի ընդհանուր կարծիքը։ Ամենից շատ պատմում էին Մկրտումի վրա չարանալու մասին, պատմում էին թուքը կուլ տալով, և քահ-քահ ծիծաղում, երբ պատմողը կրկնում էր Մկրտումի պատասխանը. «Շաշի մինն է, կտա կկոտրատի...»։

Սղոցարանը նա սարքել էր քառասուն օրում։ Այս էլ զարմանք էր պատճառում, որովհետև գալու երրորդ օրն իսկ նա այդպիսի ժամկետ էր սահմանել, որ կասկածի տակ էին առել գյուղացիք։ «Քառասուն օրում թե նա գլուխ բերե՜ց, ըհը, ես բեղս կկտրեմ»,− ասել էր Ըմբովի Թյունին, որի ավել անունը «Թարսի ձի» էր, միշտ հակառակ և շատախոս լինելու համար։ Այս մարդուն էր պահանջել գերմանացին, երբ ճիշտ ժամանակին առաջին գերանը սղոցել էր՝ Արզումանի և Գըդլ-Պուղու հետ:

Գյուղում եղած ժամանակ նա մտերմացել էր միայն Արզումանի հետ։ Բացի քահանայից, որին տեսնելուց գերմանացին պատկառանքով էր բարձրացնում լայնեզր գլխտրկը, բերանից ծխամորճը հանում,– մնացածը մի հավասարի մարդիկ էին նրա աչքին, գորշ պատ, որի աղյուսներն իրարից ոչնչով չեն տարբերվում։