Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/503

Այս էջը հաստատված է

Նրա շինած «զավոդը» խոսակցության նյութ էր ոչ միայն Կարմրաքարում, այլև սարերի վրա, ուր վրանների տակ Սալյանից, Մուղանից և Արաքսի տափարակներից հազարավոր մարդիկ էին ապրում։ Ոմանք հատկապես, ոմանց էլ ճանապարհով անցնելիս, հետաքրքրությունից դրդված ձիու գլուխը դարձնում էին Քառասնաջուր, տեսնելսւ Մկրտում քիրվայի հարստության աղբյուրներից մեկը։ Եվ նրանց աչքում Մկրտումը դառնում էր խանի չափ զորություն ունեցող մարդ. «շատ առաջ կգնա էն հայը»,− ասում էին նրա մասին:

Բայց մարդիկ կային, որոնք ոչ միայն ոտ չէին դրել Քառասնաջուր, այլև սղոցարանի մասին խոսք բացվելուց իրենց դժգոհությունն էին հայտնում։ Ունանը հավատացնում էր, որ «զավոդի» պատճառով ձորի ջուրը համն ու գույնը փոխել է։ Նրա ասելով բոստաններում լոբու դեղնելը ջրի «նադինջ լինելուցն» էր, ջուրը «հարաքաթ» չուներ, որովհետև ամբողջ ուժն անիվի վրան էր թափում։

Ավան ամին, երբ լսում էր կտրած ծառերի մասին, չէր կարողանում զայրույթը զսպել։ Ավելի հաճախ նա Քառասնաջրի անտառի մասին էր խոսում և կարծիք հայտնում, որ սղոցարանի պատճառով մոտակա անտառը պիտի ոչնչանա, հողերը պիտի ընկնեն Հիբանի տղաների ձեռքը:

− Է՜հ, Ավան ամի, դու էլ դաղած կաշի ունես նրանց հետ, հա՜ բշտում ես,− ասում էր մեկը։

− Չես թողալու քյասիբը հաց ուտի... Զավոդը որ չբաներ, Շալուն Սիմոնը կաղնուտի ձորը կգնար,− վրա էր բերում մյուսը։

− Թե Քառասնաջուրն իրենցն է, գերանն ինչի՞ են Կաղնուտից բերում։

− Էն եղոտ պատառ է. որ կերան, հետո էլ Քառասնաջրի ջանին էն ընկնելու,− պատասխանում էր մեկը, որի սրտում Ավան ամու ասածը կասկած էր հարուցում:

− Չորս օր է բոստանս ջրի համար բառաչում է։ Որ մթնում է, ջուրն էլ ցամաքում է։

− Այ քո բոստանը... Կատուն միջին թավալ չի տա:

− Նրանց ինչ կա՜... Օրենքից են վախենո՞ւմ, թե Կարմրաքարի տկլորներից։ Միտդ չի՞ Եփրեմը Բեկտաբեգովի հետ, Հիբանի մեծ արտի տակին, ոնց էին խտիտ-խտիտի արջապար տալի՜...

Խոսքը անցյալ տարվա կերուխումի մասին էին, որ սարքել էին Հիբանի որդիները պրիստավ Բեկտաբեգովի Կարմրաքար գալու առթիվ: Արտի ծայրին մնում էր այն կաղնին, որին հարբած պրիստավը թրով