Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/504

Այս էջը հաստատված է

զարկել էր։ Հաստ շրթունքի նման հարվածի տեղում կեղևը սպի էր կապել։

Տարօրինակ էր ջաղացպանի վերաբերմունքը։ Ով էլ ջաղաց գար, նա հարցնում էր.

− Հիբանի փաբրիկը ծուխ չունի, հը՞, այ կարմրաքարցի։ Ձեր գյուղումն էլ ինչ մասխարություն կա...− հարցնում էր և ծիծաղում՝ սուր, սարկաստիկ ծիծաղով, կարծես ներսում մաղձը կաթ-կաթ թափվում էր, ինչպես դառն դեղ։ Նրա վերաբերմունքի մեջ տարօրինակն այն էր, որ նա սղոցարանը հիմնելուց հետո Կարմրաքարը համարում էր ուրիշ գյուղ, այդ հակադրում էր մի այլ Կարմրաքարի, որի բնակիչներից միայն ինքն էր մնացել։

Տեր Նորընծան խուսափում էր իր կարծիքը հայտնելուց։ Սղոցարանը նրա համար ոչ միայն անհասկանալի «երևույթք» էր, ինչպես երկնքից ընկած մետեորը, այլև կապված էր հեղեղի գիշերվա, իր ծանր մտքերի, արքայական խնձորենու կայծակահարման և իր սարսափելի երազի հետ։ Երբ խոսք էր բացվում Քառասնաջրի շուրջը, մի ծանր նախապաշարում ծխի նման բարձրանում էր նրա ուղեղում: Եվ նա սպասում էր փորձանքի, դաժան բոթի, որ կայծակնահար պիտի աներ իրեն ցցաչոր կաղնու նման։

Իսկ սղոցները զրնգում էին, միանգամայն անտարբեր, թե Կարմրաքարում ով ինչ է ասում։ Գիշերը շլյուզը փակում էին։ Քառասնաջուրը մեռնում էր՝ ոչ ձայն, ոչ ծպտուն։ Ջուրը մռռալով հավաքվում էր, բարձրանում և ապակյա հալոցքի նման ամբարտակից թափվում։ Ձորի բարակ քամին թաց տախտակների բույրը տանում էր հեռու, մինչև լեռան լանջը, ուր խուլ խշշում էին ծեր կաղնիները...

...Արևը թեժացրել էր թիթեղյա կտուրը՝ ինչպես թոնրի պատ։ Արզումանը շապկանց ու ոտաբոբիկ հրում էր վագոնետը։ Եգորը սեպերը գերանի բացվածքի մեջ էր խրում և մուրճով խփում։ Մյուս սղոցի մոտ Պուղին և զրիկեցի մի երիտասարդ նույն աշխատանքն էին կատարում։ Միայն երբ հարկավոր էր գերանը վագոնետի վրա դնելու՝ չորսն էլ միասին էին բարձրացնում։

Զրիկեցին առաջին օրվանից զգացել էր այն խուլ հակամարտությունը, որ կար Պուղու և Արզումանի միջև։ Նա տեսել էր և այն, որ սղոցարան գալուց Մկրտումը Պուղուց է հարցնում տախտակների հաշիվը, գերանների չորն ու թացը։ Իսկ Արզումանն առիթ չէր փախցնում խոցելու նրան։ Նրանց միջև տեղի ունեցած սուր խոսակցությունը երբեմն պատճառ էր դառնում, որ իրարից խռով մնան: Բայց նույնիսկ այդպիսի օրերին