Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/505

Այս էջը հաստատված է

Արզումանը հանաք անելուց չէր դադարում։ Լավ տախտակին «մատուշկա» էր ասում, վատին՝ «ղարաչի», ծռված և ճաքճքած տախտակին՝ «Թելունց պառավ»։

− Եգոր ջան, էս երկու վերշոկանոցն էլ Սայի դայու համար քաշենք։ Թող երկար լինի, որ հալիվորի ոտները սլաբոննի մեկնի... Էնքան քոռ-քոռ քարերին է տվե՜լ...

Հանաք անելուց զրիկեցին չէր կարողանում փռթկոցը պահել: Իսկ Պուղին զայրանում էր, աչքով սաստում։ Արզումանը շարունակում էր.

− Ի՜նչ ես ծիծաղում, ա՜լ զրիկա զկեռ... Ձեր գյուղացի էն մի նստելում ութ լավաշ ուտողի համար ղարաչուց մին ղութի շինեմ, որ կողքաճաղերը կոտրատի։ Թե չէ Զրիկը կերել է, նա մարսել...

Սղոցարանի մասին նա էլ իր կարծիքն ուներ։

− Պիլնին զբորնի պունկտ է... Գյուղացու տղորց նման գերանները տաշում ենք, կլպում, փեչատը գնում։ Դե ջոկի թե որ ծառիցն էր...

Կացինը գոտու արանքը խրած մի մարդ ներս մտավ։

− Բո՜... Շինական, ա՜յ դու բարով.... Մենակ դու չէիր եկել էս թազա ուխտատեղը։ Հը՜, ի՞նչ կա...

Շինականը մոտեցավ ստանոկին։ Մի պահ զարմացած նայեց ո մոռացավ այն, ինչի մասին մտածելով գալիս էր։

− Հերսոտ ես երևում,− հարցրեց Արզումանը։

− Բա ոնց չհերսոտեմ... Վեց ամիս է ինձ անկրակ խորովում է...

− Ո՞վ։

− Հիբանի տղան, ո՞վ։ Հերու դուքանից ոչ բարով տասը մանեթի կտոր առա տան տկլորության մասին...Քո ազիզ արևը, մի տարի է, շաբաթն երկու անգամ իմ էշով փետ եմ բերել, դռանը կիտել։ Որ տեսնես, կասես քսան արաբա չի կրի։ Հիմի ուրանում է, ասում է փետի փողն էն գլխիցն եմ տվել, դու իմ փողը բեր, թե չէ տունդ գրել կտամ։ Ոտներն ընկա, աղաչեցի, ասի բանի ժամանակ է, մի քիչ խոտ ունեմ, խանձվում է, վերև աստված ներքև դու, ինձ ազատի։ Ու՞մ ես ասում, լսողն ո՞վ է։ Վերջը թե կացինն առ գնա Կաղնուտի ձորը։

− Պամոշնիկին գանգատ ես արե՞լ,− հարցրեց Արզումանը։

− Է՜հ,− և Շինականը հուսահատությամբ ձեռքն օդում ճոճեց։

− Փետն ուրիշին ծախի,− ասաց Եգորը։

− Ա՜յ որդի, որ անփող էլ տաս, ով սիրտ կանի նրա դռնից փետ տանի։

− Մարդ գցի մեջտեղ, թող մի բան պակասեցնի,− առաջարկեց Պուղին։