Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/507

Այս էջը հաստատված է


ձողերի նման մատները սեղմեցին Արզումանի կոկորդը, թուլացավ ու ետ-ետ քաշվեց։ Պուղին տեղը կանգնեց։

− Ինչ եք իրար մսի ելել,− գոռաց Մկրտումը, Արզումանին բաց թողնելով,− էս ի՞նչ է... Ես էլ ասեմ գործ են անում։ Էս սհաթին ռհելդ քաշի,− դարձավ նա Արզումանին։− Մշա՞կ ես, թե մարդասպան: Քեզ էտապով քշել կտամ...

− Ես քո իմացած կարմրաքարցին չեմ,− պատասխանեց Արզումանը։ Նրա աչքերը բոցկլտում էին, ռունգները փնչացնում՝ ասես օդ չկար:

− Բա ո՞վ ես... Գեներալ Կուտուզովի տղան ե՞ս։

− Արինը գլխիս է, հա՜, Մկրտում... Մարդդ ճանաչի։− Արզումանի աչքերը այնպիսի կատաղությամբ ոլորվեցին, որ Մկրտումն էլ ահ զգաց նրա արնակալած սպիտակուցներից։

− Եգորն ո՞ւր է,− դարձավ նա զրիկեցուն։ Պատասխանի փոխարեն նա կմկմաց:

− Էս սաղ նրա գլխին չէ՞ր... Շինականն էր եկել էստեղ... Գնաց նրա հետ։ Ես ասի առանցի հարցմունքի չի կարելի, ասում է՝ դու ի՞նչ է, զավոդի ստարշին ե՜ս,− պատասխանեց Պուղին, արյունը արխալուղի փեշերից սրբելով։

Հենց այդ րոպեին Եգորն իջավ կածանով։ Նա ժպտում էր։ Շինականը շատ էր ուրախացել, երբ նա առաջարկել էր իր մի ամսվա վաստակը՝ վեց ռուբլին։− Պա՜ պա՜... Ես հաց կհավաքեմ, քո արյուն քրտինքդ չեմ տա էն արնախումին,− պատասխանել էր.− մի ցանի օր էլ կբանեմ, հալբաթ Բագրատիս քյոմակը կհասնի։

Նրա դեմքին ժպիտը սառավ, երբ տեսավ Արզումանի պատրած շապիկը, Պուղու արնոտ երեսը։ Մկրտումն հոնքի տակից նայեց նրան։

− Մոտ արի,− ձեռքով նշան արեց։ Եգորի ծնկները դողացին, աչքը գցեց Արզումանին։

− Մոտ արի, ասում եմ,− բղավեց Մկրտումը, մի քայլ անելով նրա կողմը։

− Ի՞նչ ես ուզում էն երեխից,— մեջ մտավ Արզումանը,— ես եմ ասել, որ գնա...

Լսվեց ոտնաձայն։ Արզումանը ետ նայեց, արագ քայլերով գալիս էր պամոշնիկ Անտոնը։ Թփի մոտ կանգնել էր Գոդին։

− Էս ի՞նչ շամաթա է... ի՞նչ բունթ է,− կանչեց նա մոտենալով Արզումանին։ Մկրտումն առաջ ընկավ։ Ապտակի ձայն լսվեց, ասես ապակի ջարդեցին։ Արզումանը փորձեց վրա վազել, բայց Անտոնն առաջը կտրեց։