Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/508

Այս էջը հաստատված է



− Էս օրե՞նք է, որ դու երեխուն թակում ե՜ս... Ուժդ նրան պատեց հա՞...− բղավեց Արզումանը։ Եգորը կանգնել էր տեղում, ականջը վառվում էր։ Այտի վրա մատների կարմիր հետքը պարզ նշմարելի էր։ Նա զայրույթից պռոշն էր կրծոտում, հազիվ էր զսպում արցունքը, որ մեկ լցվում էր, մեկ հալվում։

− Գնանք,− ասաց Արզումանը Եգորին.− Համա էսօրը չմոռանաս հա՜, խազեին ջան...

Մկրտումը չար աչքերով նայում էր հեռացողներին։

* * *

Արևը հասուն մրգի նման թեքվել էր։ Ստվերները երկարում էին, ձգվում դեպի արևելք։

Ավան ամու այգում կանաչի վրա նստոտել էին մի քանի հոգի։ Դարբին Վանեսը մեկնվել էր մեջքի վրա, աչքը գցել գառան չափ սպիտակ ամպին, որ ասես արածում էր՝ մեկ հանդարտ, մեկ էլ սուրում ջինջ երկնքի վրա։ Դարբինն ականջը կախել էր զրույցին։ Եվ միտք էր անում, իզուր են խոսում Ավան ամին էլ, Շուղանց հալևորն էլ... Միայն ինքը գիտե ուղիղ ճանապարհը։ Իսկ նրանց ասածը՝ ինչպես անտառի արահետը թուխպ օրին։ Կգնա՜ս, կգնաս, և մեկ էլ տեսար էլի նույն տեղն ես...

Խոսակցությունն սկսվել էր Արզումանի և Եգորի հետ պատահած դեպքից։ Արզումանը ինքն էր եկել Ավան ամու մոտ և եղելությունը պատմել։

− Ես իմ հոր տղան չեմ լինի, եթե պիլնումը նրա գլուխը չմաշառեմ,– ասել էր Արզումանը, մի քիչ զայրացել, հետո դառնացած վերջացրել,

− Դուռակը ես եմ... Ասա ի՞նչ ունես Կարմրաքարում։ Չէ՛, ինչ պլան ուզում ես գյուղի համար քաշի, ես մնացողը չեմ։ Կալը պրծնի թե չէ, հայդա, պիշի պրապա՜լ,− հայտարարել էր և գնացել Եզնարածի առուի տակ ընկած չիմանները, ուր խոտ էին հարում։

− Քո ասելով ուրեմն անբան կովի պես սուս անենք էլի,— դարձավ դարբինը Շուղանց ալևորին։

− Ա՜յ որդի, որ սուս չանես, ի՞նչ պիտի շինես։ Բզի գլխին յումբուզով կտա՞ս, թե չաքճով։ Էսպես եկել է, էսպես էլ գնալու է, մինչև պատանդ էլ մաշի, ոսկորդ էլ... Անբան կո՜վ։ Բա ինչ ենք։ Կթում էլ