Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/514

Այս էջը հաստատված է


Երեկոյան դեմ եզներն արձակեցին։ Փեշի հողը թափ տալով մոտեցավ առվին, որ ձեռքերը լվանա։ Հանկարծ Խաչանը մոտեցավ, թե հրաման է եկել... Եվ ձեռքերը մնացին անլվա, նստեց առվի եզրին։

Փողոցում երևաց քահանայի կռացած սիլուետը։ Նա դանդաղությամբ էր քայլերը փոխում, կարծես կորցրել էր մի բան, որ ուր որ է պիտի աչքին ընկնի իրիկվա կիսամութում:

− Հրես տերտերը գալիս է: Նա խաբար կունենա,− ասաց Չետանց Ունանը։

− Ո՞րտեղից պիտի ունենա։ Սաղ օրը Նռանձորի բաղից դուրս չի գալիս։ Էսօր ասում էր, թե հեղեղի գիշերը փիս երազ եմ տեսել։ Քառասունքը թամամելուց վախենում է գյուղի գլխին փորձանք գա,− ասաց Ավան ամին։

− Սրանից էլ պինդ փորձա՞նք,— վրա բերեց ծերունի Իսոն։

− Տերտեր, էսօր շատ ես միտքարար,− ասաց Ավան ամին, երբ քահանան մոտեցավ քարին։ Մի քանի հոգի իրար սեղմվեցին, նրան տեղ անելու համար։ Տեր Նորընծան քթի տակ ողջունելուց հետո, կանգնեց մի պահ, ասես միտք էր անում, թե ում մոտ է իրեն վայել նստելու, և ապա ծխատուփը հանելով, նստեց Շուղանց Իսոյի և Ավան ամոլ մեջտեղը։

− Ա՜յ Իսրայել, մտքիս հետ ներհակ ընկած գալիս էի...

− Տերտեր, էդ գազեթներում ի՞նչ են ասում կռվի մասին...− հարցրեց մեկը։ Բոլորը շունչ պահած սպասում էին նրա պատասխանին։

− Օրհնյալ, ճրագդ միշտ վարգար մնա... Մեղքը պտույտքի պես մի փորձանք է և ոչ եթե մարդ արարածը հոգին ծախի,− ասաց նա։ Տերտերը քթումն էր խոսում, ձայնը զրնգում էր, ասես պարապ կարասի մեջ էր հնչում, և որովհետև միալար էր խոսում ու մի քիչ էլ ծոր տալով, դրա համար էլ բառերն իրար էին խառնվում, քսվում էր այնպես, ինչպես գետի խուլ վշշոցը մութ գիշերին։ Քահանան կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ ոքի չբավարարեց նրա պատասխանը։ Ինքն էլ զգաց այդ և ավելացրեց.

− Առաջաքայլ և գիտակից անձնավորությունքը հողագնդիս երեսին պակասել են, էլ ու՞մ մեղապարտես էս խառնակչության համար։ Եփեմերդին ասում է, թե եղիցի արյունահեղ պատերազմ, թագավոր հյուսիսական ընդ արևելս, կոտորած ժողովրդյան, քարեկարկուտ և սև անձրև, և սով մեծ...

— Եվ սով մեծ...– կրկնեց Շուղանց Իսոն։ Ամենից շատ Ունանը սարսափեց այդ խոսքից: Ու դարձյալ հիշեց եղբորը, իրենց մեծ տունը,