Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/516

Այս էջը հաստատված է

առաջին ծանոթ նշանը, որից հետո երկրորդը պիտի երևա, սիրտը բաբախելու է, հետո սրարշավ վրա է տալու ծանոթ և սարսափելի ցավը։

− Հավատն էս բանի մեջ խառնվում չի,− վճռական հայտարարեց դարբին Վանեսը և օգտվելով այն ազդեցությունից, որ ունեցավ իր ասածը, մի քիչ առաջ եկավ և շարունակեց,− ամեն տերությունն իր հաշիվն ունի... Ռուսը տաճիկի հետ է կռիվ անելու... Գերմանացին ֆրանցուսի հետ: Թե չէ ինչ խաչապաշտ, ինչ կրակապաշտ... Էս էն Շահ Իսմայիլի վախտերը չեն...

− Հա՜, դե դու Հնդստանու կոնսուլն ես, դու ամեն ինչ գիտես...− հեգնական տոնով ասաց Ըմբովի Թյունին, որի մշտական սովորությունն էր հակառակ խոսելու։ Իզուր չէին նրա անունը դրել «թարսի ձի»։

− Դե Վանեսի ասածն է էլի՜... ինչ ես հակառակում,− մեջ մտավ Շինականը,− Լեմսը որ եկել էր զավոդը շինելու, քիչ էր մնում բեղդ պոկեր։ Բա նա խաչապաշտ չէ՞ր...− Մոռացված այս դեպքը հիշեցնելը շատերին ծիծաղեցրեց։ Նույնիսկ քահանան ժպտաց, և մոռացավ այն, ինչի մասին համառ մտածում էր։

− Որտեղ սպաս տեսնես, գդալդ մեջ ես կոխում,− զայրացած դարձավ Թյունին՝ Շինականին։ Բայց նրա խոսքը չլսվեց ծիծաղի աղմուկում:

− Է՜, մեր օրը լաց եղեք... Ի՜նչ եք մասխարի գցել,− ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին։ Նրա հանդիմանական խոսքը ծանր ազդեց լսողների վրա. նույնիսկ քահանան փշաքաղվեց։ Նրան թվաց, թե հանդիմանության մի մասն էլ իր ասածի առթիվ է։− Սրան յոթը տերության կռիվ կասեն: Չոբանի կռիվ չի, որ մահակներով իրար չափեն։

− Լավ է՜, Ավան ամի, էդքան հասկանում ենք, բա մեզ ի՞նչ ճանապարհ ես ցույց տալիս,− հարցրեց Չանեն ծուռ Ունանը,− վեր կենանք ռուսի թագավորի դեմ բունթ անե՞նք...

− Չէ՛,− ընդհատեց Ավան ամին,− էգուց էս գնացողների ո՞վ պիտի կալսի, նրանց կարտոլն ո՞վ պիտի հավաքի... Իսկի մին խորը մտածու՞մ ես։ Սաղ գյուղն տակովն է լինում, մի քանի մարդկանց սիրտն է դինջանում։ Լա՜վ սարքվեցին Քառասնաջրում... Էս ջահելներն էլ որ գնան, Սային ու ես պիտի նրանց առաջն առնե՜նք։

− Դրա ժամանակը չի, Ավան ամի,– պատասխանեց դարբինը։ Ավան ամին զարմացած նայեց նրա կողմը: Ու չիբուխը դողաց՞ Մթնում ոչ ոք չնկատեց այդ և ոչ էլ Չետանց Ունանի դառն ժպիտը։

− Էն ո՞ր օրվանից,− հարցրեց Ավան ամին:

− Էսօրվանից,− կտրուկ պատասխանեց դարբինը։ Նրանք հասկացան